«Մի բաժակից հետո աքլոր եք կտրել ու բողոքել իշխանությունից». հաղորդավար Արմեն Սարգսյանն իր ՀՀԿ-ական ընկերներին կոչ է անում կանգնել ժողովրդի կողքին

15:32   20 ապրիլի, 2018

Հայաստանում քաղաքացիական անհնազանդության երթերը շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի: Աստիճանաբար քաղաքացիներին են միանում նաեւ հայտնի մարդիկ: Նրանցից ոմանք մասնակցում են ցույցերին, ոմանք՝ սահմանափակվում սոցցանցերում գրառումներ անելով:

Այսպես, իր բողոքի ձայնն է արտահայտել նաեւ հաղորդավար Արմեն Սարգսյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ ընկերներում գտնվող հարգելի հանրապետական գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ, պետական և հեռուստատեսության աշխատողներ, մի մասիդ հետ շատ եմ զրույցներ ունեցել, առիթներ են եղել, նստել կերել, խմել ենք։ Մեծ մասդ մի բաժակից հետո աքլոր եք կտրել ու բողոքել իշխանությունից, նրա հետևում կանգնած խուժաններից, անգրագետ ռեկտորներից ու պետական աշխատողներից, բայց գլուխներդ կախ աշխատում եք ու լռում, երբ Հայաստանի նոր սերունդը (շատ ավելի լավը, քան ձերն ու մերն էր) դուրս է եկել վերը նշվածիս դեմ իր բողոքը արտահայտելու։ Անուններդ դեռ չեմ ուզում տալ, բայց սիրուն չի, վախենալով մի ապրեք, բան չեք տանելու էս կարճ կյանքից։ Կանգնեք մեր նոր սերնդի կողքին, նրա ընտրության կողքին, նրանք այլ Հայաստան են պատկերացնում»։



© NEWS.am STYLE