«Հիմա կյանքումս ամենակարեւոր էակն Ալեքսանդրն է». Ելենա Վարդանյանը՝ որդու հետ իրականացրած ֆոտոշարքի մասին

16:36   20 ապրիլի, 2018

Դերասանուհի Ելենա Վարդանյանն արդեն երկու ամիս է՝ վայելում է մայրության բերկրանքը, իսկ օրերս նորաթուխ մայրիկը որդու՝ Ալեքսանդրի հետ նոր ֆոտոշարք է իրականացրել՝ համագործակցելով Ketikyan ֆոտո ստուդիայի հետ: Դերասանուհին իր եւ որդու նոր ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ պատմել, թե ինչպիսի երեխա է Ալեքսանդրն, ու որքանով է մայրությունը փոխել իր կյանքը:

«Որդուս ծննդից հետո կյանքս ավելի հիասքանչ է դարձել: Հիմա կյանքումս ամենակարեւոր էակը որդիս է՝ Ալեքսանդրը: Ես իմ ամբողջ կյանքը նվիրում եմ նրան»,-ասում է Ելենան, այնուհետեւ՝ հավելում.

«Բախտս բերել է՝ տղաս հանգիստ երեխա է, գիշերներն էլ նորմալ քնում է: Արտաքնապես նման է թե ինձ, թե ամուսնուս: Շատ եմ ցանկանում, որ նա ինձանից եւ ամուսնուցս ժառանգի միայն լավ հատկանիշներն ու դառնա լավ մարդ»:

Ելենան նաեւ խոսեց վերջին շրջանում իր ամենանվիրական երազանքի մասին.

«Ինչպես ցանկացած մայր՝ ցանկանում եմ, որ որդիս մեծանա երջանիկ եւ առողջ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ծնողի համար դա է կարեւորը»:

Ինչ վերաբերում է նկարահանման ընթացքին՝ դերասանուհին ասում է, որ Ալեքսանդրը բավականին լավ էր իրեն զգում ստուդիայում.

«Նրան շատ դուր եկավ ֆոտոնկարահանման ընթացքը: Շատ լուրջ էր տրամադրված: Նա իրեն շատ լավ էր զգում, որովհետեւ մեզ հետ լավ ու պրոֆեսիոնալ մասնագետներ էին աշխատում»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE