Դալիթան ու Հայկոն ելույթ ունեցան Մալթայում (ֆոտո, վիդեո)

10:31   21 ապրիլի, 2018

Մալթայում անցկացվում են Հայկական մշակույթի օրեր։ Վալետայում բաց բեմի վրա տարբեր միջոցառումների շրջանակում ելույթ են ունեցել Դալիթան ու Հայկոն։

Ապրիլի 20-ին Վալետայի գլխավոր հետիոտնային փողոցի անցորդները աշխույժ շարժվում էին դեպի երբեմնի վեհաշուք Օպերային թագավորական թատրոնի շենքը։ Հենց այնտեղ, բաց երկնքի տակ՝ հին սյուների շարքերով սահմանափակված, հնչում էին ուրախ, թեթև ռիթմեր երգիչների կատարմամբ։

Համերգի ժամանակ Հայաստանը ներկայացրել են ռոմանտիկ ու լիրիկական Հայկոն ու վառ Դալիթան, որն իր Welcome երգով բոլորին հրավիրում էր Հայաստան։

2015-ի «Մանկական Եվրատեսիլի» հաղթող մալթիացի Դեսթինի Չուկունյերեն բոլոր ներկաներին հուզեց իր The sound of silence կատարումով։

Բացի դրանից, բեմ բարձրացավ նաև երգչուհի Քրիստաբել Բորգը, որը «Եվրատեսիլ 2018»-ին կներկայացնի Մալթան իր Taboo երգով։

Նյութերը՝ Անի Աֆյանի, Մարիա Ասատրյանի



© NEWS.am STYLE