«Դժվար կլինի կրկնել հաղթանակը, թեեւ ոչինչ բացառված չէ». Գեւորգ Հարությունյանը՝ «Նոր Ալիք»-ին մասնակցելու մասին

14:33   21 ապրիլի, 2018

Սեպտեմբերի 4-9-ը Սոչիում կկայանա «Նոր Ալիք 2018» երիտասարդ կատարողների մրցույթը, որին այս տարի Հայաստանը կներկայացնի երաժշտական նախագծերից հայտնի երգիչ Գեւորգ Հարությունյանը: Այս մասին NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է իր ընթերցողներին: Գեւորգն այսօր պատասխանել է նաեւ մեր հարցերին՝ պատմելով իր հույզերի եւ մրցույթում Հայաստանը ներկայացնելու պատիվը ստանձնելու մասին:

«Հայաստանից ուղարկել եմ իմ հայտը, մրցույթի կանոններին համապատսսխանող երեք ստեղծագործություն, որից հետո էլեկտրոնային հաղորդագրություն եմ ստացել, որ անցել եմ կիսաեզրափակիչ փուլ, եւ սպասում են ինձ Մոսկվայում: Ապրիլի 17-ին եւ 18-ին կայացան կիսաեզրափակչի լսումները, եւ ինձ ընտրեցին որպես այս տարվա ներկայացուցիչ»,-ասում է Գեւորգը:

«Որոշումը կայացվեց նախընտրական փուլի եւ երկու մասից բաղկացած կիսաեզրափակիչ լսումների փուլերի ժամանակ: 68 կատարողներից ընտրվեցին 27-ը, ապա՝ 16-ը. ժյուրին որոշեց, որ Հայաստանը կմասցնակցի մրցույթին, եւ մեր երկիրը կներկայացնեմ ես»,-հավելում է նա:

Երգիչը խոստովանում է՝ անցած տարի մեծ ոգևորությամբ էր հետեւում Սյուզաննա Մելքոնյանի եւ Էռնա Միրի ելույթներին, որոնք Հայաստան վերադարձան առաջին եւ երկրորդ պատվավոր մրցանակներով.

«Նույնիսկ գրառումներ էի կատարում ու աջակցության կոչեր անում մեր մասնակիցների համար: Անչափ ուրախ էի նրանց հաղթանակի համար, որը ես գնահատում եմ որպես հարյուր տոկոսանոց: Իհարկե, ուշադրության կենտրոնում կլինեմ՝ որպես հաղթած երկրի ներկայացուցիչ, բայց մյուս կողմից էլ տեսականորեն շատ դժվար կլինի կրկնել հաղթանակը, թեեւ ոչինչ բացառված չէ: Այսպես, թե այնպես, ինձ համար առաջնային է, որ ես գոհ լինեմ իմ ելույթներից, իմանամ, որ ես ներկայացրել եմ ինձ առավելագույն ձեւով. այդ դեպքում որեւէ արդյունք ինձ չի տխրեցնի»,-ասում է նա:

Դեռ հայտնի չէ, թե Գեւորգը ինչ երգերով է ներկայանալու մրցույթին, այս պահին երգերի ընտրության շուրջ է մտածում եւ կարծում է, որ մասնակցի հաջողությունը հիմնականում հենց երգերի ընտրությունից է կախված:

Ինչ վերաբերում է իր ներկայիս հույզերին՝ երգիչն ասում է.

«Այս պահին ինձ մոտ շատ հանգիստ վիճակը է, որը ինձ ջղայնացնում է, կարծես, թե չեմ զգում, թե ինձ ինչ է սպասվում: Հիմա զբաղված եմ առաջիկա չորս ամսվա ռեժիմով, կարեւորն անկարեւորից առանձնացնելու աշխատանքներով»:

Գեւորգը Սոչի մեկնելու է օգոստոսի 23-ին, որտեղ արդեն սկսվելու են նախապատրաստական աշխատանքները:

Հավելենք, որ այս տարվա մրցույթին կմասնակցի 16 մասնակից՝ 11 երկրից:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գեւորգ Հարությունյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE