Հայ-բելգիական երգչուհի Kéyoh. «Ցանկանում եմ լավ օրինակ լինել ապագա սերունդների համար» (ֆոտո)

22:14   13 մայիսի, 2013

R&B ոճի հայ-բելգիական երգչուհի Kéyoh-ը (Կարինե Օհանյան) շարունակում է արտերկրում ավելի ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերել: NEWS.am STYLE-ը որոշեց իմանալ երիտասարդ եւ խոստումնալից երգչուհու ծրագրերի մասին: Համացանցում գտանք Կարինեի վերջին հարցազրույցը, որ նա տվել էր NEWS.am-ին՝ պատմելով վերջին տարվա ընթացքում ստեղծագործական հաջողությունների մասին:

Պարզվում է՝ Կարինեի դերասանական դեբյուտը եվրոպական արտադրության կենսագրական թրիլլերում անհայտ պատճառներով այդպես էլ չի կայացել: Սակայն սպասվում է այլ պրեմիերա. մայիսի 21-ին iTunes-ում կթողարկվի երգչուհու K.O. LOVE անվանումով երգը:

Կարինե, ավելի մանրամասն կպատմե՞ք Ձեր նոր երգի մասին:

Շունչս պահած սպասում եմ այն թողարկվելուն, քանի որ չգիտեմ՝ ինչպե՞ս կընդունի իմ դեբյուտն ունկնդիրը: Ինչո՞ւ: Որովհետեւ հենց այդ սինգլը կստիպի իմ մասին ամբողջական պատկերացում ձեւավորել. բառերն ու երաժշտությունը գրել եմ՝ հիմնվելով սեփական ապրումներիս եւ կենսափորձիս վրա: Այսինքն՝ ես ապրել եմ այդ ամենը, անցկացրել եմ իմ միջով:

Իհարկե, դեր ունի նաեւ իմ պրոդյուսեր Գայ Վակուն, ով իմ երգը վերածել է կատարելության:

Իսկ ինչպիսի՞ն կլինի հոլովակը: Ո՞վ է այն նկարահանել:

Հոլովակի ռեժիսուրան ամբողջությամբ իմ երեւակայության արգասիքն է: Իհարկե, կցանկանայի մանրամասներ ներկայացնել, սակայն դա կնմանվի մի իրավիճակի, երբ ցանկանում ես ֆիլմ դիտել, իսկ քեզ սկզբից մինչեւ վերջ պատմում են այն:

Միայն նշեմ, որ սյուժեն փոքր-ինչ ֆեմինիստական եւ հեգնական է: Քանի որ K.O. նշանակում է Knock Out (նոկաուտ), գլխավոր հերոսը բռնցքամարտիկ է: Հոլովակը նկարահանել է Բելգիայում հայտնի ռեժիսոր Ալեյն Յոնգենը:

Ինչպիսի՞ն են Ձեր նախորդ երգերը: Միայն R&B ոճո՞ւմ:

Իմ երգերն ուղղված են երիտասարդության այն հատվածին, ովքեր նախընտրում են POP/R&B/Dance: Հնարավոր է նաեւ այդ ոճերի համադրությունը:

NEWS.am-ին տված հարցազրույցում նշել եք, որ ծրագրում եք գրել որեւէ երգ, որում կհնչի հայերեն արտահայտություն կամ նախադասություն: Ի՞նչ նպատակով: Այդ մտահղացումն իրականացնել հաջողվե՞լ է:

Դեռեւս ոչ, չնայած գաղափարը գոյություն ունի բավական վաղուց: Անպայման իրականություն կդառնա: Բայց որպես գաղտնիք ասեմ, որ իմ նոր երգում արդեն կարելի է այդ մտադրության հիմքերը տեսնել, զգալ այդ գաղափարը:

Ձեր ծրագրերում Երեւանում համերգ նախատեսվո՞ւմ է:

Դեռեւս ոչ, քանի որ իմ բոլոր պայմանագրերը կնքված են կենտրոնական Եվրոպայի երկրների հետ: Սակայն բանակցություններ են տարվում նաեւ Հայաստանի հետ:

Որքան գիտեմ, ծրագրում էիք հագուստի սեփական շարքը ստեղծել: Ի՞նչ եք արել այդ ուղղությամբ:

Այս տարեսկզբից արդեն գոյություն ունի «My Dressing by Ohanian» շարքը, որի դիզայներն ու հեղինակը քույրս է՝ Աննա Օհանյանը: Իսկ ես միայն ընկերության դեմքն եմ եւ զբաղվում եմ մարքեթինգով:

Դուք խոսում եք մի քանի լեզուներով: Ամեն դեպքում, Ձեզ ո՞րն է ավելի հարազատ:

Եթե խոսքն ինձ հոգեհարազատ լեզվի մասին է, ապա այդ հայերենն է: Բայց, ցավոք, ես ավելի լավ տիրապետում եմ ֆլամանդերենին եւ անգլերենին:

Երբ հասնեք բարձունքի, ո՞ր երկրում կցանկանայիք ապրել:

Այդ մասին դեռեւս չեմ մտածել…

Ձեր ամենավառ երազանքը

Երգել աշխարհի ամենահայտնի բեմերում եւ լավ օրինակ լինել ապագա սերունդների համար:

Պատրաստեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE