Հրանտ Թոխատյանը, Հովհաննես Ազոյանը և այլ դերասաններ հանդես են եկել միասնական կոչով

23:35   22 ապրիլի, 2018

Դերասաններ՝ Հրանտ Թոխատյանը, Լևոն Հարությունյանը, Հովհաննես Ազոյանը, Հովհաննես Դավթյանը, Մուրադ Նադիրյանը և դերասանուհի Զառան, դիմել են երկրի նախագահին, ԱԺ-ին, Կառավարությանը, ինչպես նաև հայրենակիցներին: Այս մասին տեղեկանում ենք դերասան Հովհաննես Դավթյանի Facebook-յան էջից, տեսանյութն այստեղ:

Հրանտ Թոխատյանն իր խոսքում ասել է, որ տասը օր շարունակվող երթերն ու ցույցերը օրինակելի են: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը կարող է քաոս առաջացնել՝ անդառնալի հետևանքներով: Դիմելով ժողովրդին նա ասել է, որ խաղաղ շարունակեն սկսածը, իսկ ոստիկաններին կոչ է արել լինել զգոն և ուշադիր:

Հրանտ Թոխատյանը մտավորականներին կոչ է արել կանգնել ժողովրդի և ոստիկանների կողքին, որպեսզի կանխվի արյունահեղությունը: Քանզի չկան հավաքը առաջնորդողները:

Դիմելով պատգամավորներին, նախարարներին, հոգևորականներին դերասանն ասել է, որ պաշտպանեն ժողովրդին՝ ներկա լինելով երթերին ու հանրահավաքներին:

Հովհաննես Ազոյանն իր հերթին անդրադարձել է քաղաքացիական հագուստով, դիմակավորված անձանց պահվածքին, ովքեր ծեծել են խաղաղ ցույցի մասնակիցներին: Նա այդ անձանց պահվածքը անընդունելի է համարում:

Լևոն Հարությունյանն իր հերթին ավելացրել է, որ պետք է քաղաքակիրթ երկխոսության միջոցով լուծել ծառացած խնդիրը: Նա իր խոսքն ուղղել է և՛ ժողովրդին, և՛ իշխանության ներկայացուցիչներին:



© NEWS.am STYLE