«Քայլ արա» շարժմանը միացած դերասանուհի Անյա Սահակյանին սպառնացել են

12:02   23 ապրիլի, 2018

Դերասանուհի Անյա Սահակյանը, որն այս շրջանում ակտիվորեն աջակցում է «Քայլ արա» շարժմանը՝ մասնակցելով հանրահավաքների, երեկ տարօրինակ հեռախոսազանգ է ստացել, որի մասին հայտնել է Facebook-ի իր էջում: Դերասանուհին գրել է, որ փակ համարից իրեն զանգահարող անձնավորությունն իրեն սպառնացել է վերջ դնել դերասանական կարիերային, եթե նա շարունակի կանգնել ժողովրդի կողքին: NEWS.am STYLE-ն այսօր կապ հաստատեց դերասանուհու հետ՝ դեպքի հետ կապված մանրամասներ պարզելու նպատակով.

«Զանգը փակ համարից էր: Ներկայացավ որպես Արսեն, ազգանունը չլսեցի, քանի որ աղմուկ էր դրսում: Թե ինչ ասաց, չլսեցի, միայն լսեցի վերջում, որ ասաց՝ «դերասանական կարիերայիդ կարող ես հաջողություն ասել, որ միտինգի ես մասնակցում»: Չասեմ՝ ինչ պատասխանեցի, եթերային չէ :)»,-նշեց Անյան՝ հավելելով, որ հեռախոսազանգն արվել է պրովոկացիայի նպատակով.

«Քիչ առաջ զրույց եմ ունեցել հեռուստատեսության աշխատակիցների հետ. նրանք վստահեցրեցին, որ կապ չունեն հեռախոսազանգի հետ, եւ ինձ աշխատանքից հեռացվելու սպառնալիք չկա... Զանգն արվել է պրովոկացիոն նպատակներով»:

Դերասանուհին նաեւ անդրադարձավ շարժմանը միանալու նպատակին.

«Ես՝ ինչպես բոլորը, մասնավորապես՝ երիտասարդությունը, ունենք մեր խոսքի իրավունքը: Ես ջահել եմ, երկիրը մեր սերնդին է պատկանում: Հայերի ցավը տանեմ ես»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անյա Սահակյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE