Սերժ Թանկյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին գրառում է կատարել

21:35   23 ապրիլի, 2018

Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

Նա գրել է. «Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար:  Հայերը, օգտագործելով քաղաքացիական անհնազանդությունը եւ իրենց ձայները, ստիպել են վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Իհարկե, շատ ավելի մեծ աշխատանք կա անելու, քանզի երկրում բարեփոխումների անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ իմանան, որ սա իրական հաղթանակ է և ոչ սիմվոլիկ: Բայց հիմա ես պարզապես ուզում եմ ասել, թե որքան հպարտ եմ, բոլոր երիտասարդներով, որոնք դուրս էին եկել փողոց և իրականացրեցին այս ամենը: Իմ ողջ սերը Ձեզ»:

Նշենք, որ ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն ակտիվորեն հետեւում եւ մեկնաբանում էր Հայաստանում տիրող իրավիճակը:

Երաժիշտն օրերս իր Facebook-ի էջում  անդրադարձել էր Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը.

«Անհավանական է՝ Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին՝ բռնությամբ եւ մարտիմեկյան իրադարձությունների կրկնողությամբ, եթե վերջիներս չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցն ու դիմադրությունը: Նա, ասես, ոչ մի բանից տեղյակ չէ: Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշում կայացնել եւ անհապաղ հրաժարվել իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից եւ չդրդեն մարդկանց դա անել: Կարծում եմ՝ տեսանյութն ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ քիչ է նա մտածում իր ժողովրդի մասին»,-գրել է նա՝ անդրադառնալով նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ շարժման մյուս առաջնորդների հանդեպ ոստիկանության գործողություններին. «Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին եւ շարժման մյուս առաջնորդներին: Ամոթ»,-նշել էր նա:

 



© NEWS.am STYLE