Իմ պատմությունը. «Ես քեզ Ամելիա կկոչեմ…»

20:00   14 մայիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա: 

«Լքված այգուց տերեւների խշխշոցը լսվում էր՝ ինչպես անհայտության մեջ հնչող դատարկության մեղեդի: Բուխարիում կրակը հիշեցնում էր պարուհու, որն իր կյանքի վերջին պարն է պարում… Պար անհայտության համար: Քամու սուլոցը միախառնվում էր լռության եւ խաղաղության այդ իդիլիային:

Ամելիային մեկ ժամվա կյանք էր մնացել: Նա գիտեր այդ մասին եւ պատրաստ էր երջանկության եւ անհոգության նոր փուլին: Նա մահը պատկերացնում էր որպես ազատագրում: Պատուհանից դիտում էր լքված այգին: Այնտեղ վաղուց ծաղիկները չէին ծաղկում, թռչունները չէին գեղգեղում: Այնտեղ մահն էր ապրում… Աշունը միշտ իր հետ մահ է բերում:

Ամելիան բացեց պատուհանը: Սառը քամին խուժեց սենյակ՝ սուլոցով բացելով պատուհանափեղկերը… «Ես երջանիկ եմ…»,- մտածեց աղջիկը՝ կլանելով ուշ աշնան, մահվան այգու հոտը… Ի՞նչ է երջանկությունը: Դա ցանկությունների կատարումն է: Ամելիան մեկ ցանկություն ուներ. այլ ճակատագիր ձեռք բերել:

Վերջին անգամ բոցավառվելով՝ կրակը բուխարիում մարեց: Հին շալն ուսերին գցելով՝ Ամելիան տանից դուրս եկավ դեպի խավար: Իր փոքրիկ ոտնամանները մոռացավ մանկասենյակում: Բայց աղջիկը չհամարձակվեց վերադառնալ դրանց հետեւից. չէ՞ որ հերթապահ դայակը կարող էր տեսնել իրեն:

Հին տունը տխուր նայում էր նրա հետեւից: Երկնագույն աչքերով եւ զվարճալի քթով փոքրիկ աղջիկն այս մանկատանն ապրել էր 8 տարի: Միայնակ, ամենքից լքված: Նրան ոչ ոք գիշերը հեքիաթ չէր պատմել, չէր երգել: Նա միշտ մենակ էր…

Նա չէր հիշում իր ծնողներին: Եվ նույնիսկ չգիտեր նրանց անունները: Ամեն գիշեր միլիոնավոր անուններ էր ընտրում եւ մտածում էր, որ դրանցից մեկն անպայման պատկանում է իր մորը:

Երբեմն երազում Ամելիան տեսնում էր գեղեցիկ կնոջ դեմք, ով իրեն էր նայում բարի ժպիտով եւ համբուրում էր իր ճակատը: Բայց նույնիսկ նման երազները հազվադեպ էին: Ամելիան ջանասիրաբար հավաքում էր այդ երազներն իր մանկական հիշողության թելերին՝ ինչպես հազվագյուտ մարգարտի վաճառական. գեղեցիկ մանյակ էր: Գիշերն ու ցերեկը չէին տարբերվում միմյանցից: Մյուս երեխաները երբեք նրան չէին կանչում իրենց հետ խաղալու: Ամելիան միշտ լուռ հետեւում էր նրանց եւ երազում, որ երբեւէ իրեն էլ կհիշեն եւ կկանչեն: Բայց, ավաղ, երեխաները նրան չէին հիշում: Դայակները, իհարկե, նրան լավ էին վերաբերվում, բայց աղջնակը նրանց սիրելին չէր:

Ամելիան պարզապես գոյատեւում էր: Նա ստվերի նման սահում էր մանկատանը: Նրա ընկերները գրքերն էին: Նա միշտ դրանցում գտնում էր իր աշխարհը: Կախարդական աշխարհը: Ամենից շատ նրան դուր էր գալիս մի հեքիաթ՝ կախարդական լճի մասին հեքիաթը: Այդ հեքիաթում որբ տղան խորտակվում է կախարդական լճում եւ գտնում իր ծնողներին:

Ամելիային այդ հեքիաթը շատ էր դուր գալիս, նա անգիր գիտեր յուրաքանչյուր բառ: Բակում խաղալու ժամանակ ավագ երեխաներն ասում էին, որ մութ անտառից այն կողմ լիճ կա: Ամելիան երբեք այնտեղ չէր եղել: Բայց հենց «լիճ» բառը նրա փոքրիկ սրտիկին ստիպում էր ավելի ուժեղ բաբախել: Նա ագահորեն կլանում էր անտառից այն կողմ գտնվող այդ լճի մասին մանկական պատմությունները: Հնարավոր է՝ դա հենց այն կախարդական լիճն է, որտեղ ինքը վերջապես կհանդիպի մորը: Նա բազմիցս պատկերացրել էր այդ լիճը՝ երկնագույն եւ ջերմ:

Եվ ահա այսօր որոշում կայացրեց: Կանցնի այդ անտառը եւ կգտնի իր կախարդական լիճը… Նա նույնիսկ մոր համար նվեր էր պատրաստել: Ծաղկավոր կոճակ: Մայրը, հավանաբար, կուրախանա: Ամելիան այդ կոճակը գտել էր բակում, երբ այցելել էին մանկատան խնամակալները:

Մահը նրան չէր վախեցնում: Չէ՞ որ հենց մահվան շնորհիվ հեքիաթի որբ տղան գտավ մորն ու հորը: «Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է մահը»,- մտորում էր փոքրիկը: Այդ հարցի պատասխանն Ամելիան չէր գտնում, բայց գրքերում մահը միշտ նման էր երազի: Իսկ թե ինչ են երազները, Ամելիան արդեն գիտեր:

Տերեւները խշխշում էին բոբիկ ոտքերի տակ, ցուրտ էր: Բայց Ամելիան գիտեր, որ շատ շուտով լավ կլինի: Չէ՞ որ շուտով տեսնելու էր մորը: Կմահանա եւ այլեւս այստեղ չի լինի: Նա արդեն այնտեղ կլինի: Կծնվի նոր ընտանիքում, իսկ իր ծննդյանը, ամենայն հավանականությամբ, անհամբերությամբ եւ սիրով են սպասում: Նա հայր եւ մայր կունենա: Նրան կսիրեն հենց այնպես, պարզապես որ ինքը գոյություն ունի… Ցուրտը թափանցում էր հին շալի միջով, բայց աղջնակը հաստատակամորեն քայլում էր անտառի ուղղությամբ: «Շատ քիչ է մնացել,- իրեն ուժ էր տալիս փոքրիկը:- Շատ շուտով ես կտեսնեմ մայրիկիս, որ սպասում է ինձ, եւ հայրիկիս… Պարզապես պետք է լողալ եւ հասնել նրանց կախարդական լճի միջով, ինչպես այն հեքիաթում»:

Սկսեց առաջին ձյունը տեղալ:

Ադամանդի նման շողացող փաթիլներն ընկնում էին պատռված շալին: Փշերն ու հին տերեւները ծակծկում էին երեխայի բոբիկ ոտքերը, իսկ փաթիլները երկաթե ասեղների նման խրվում էին մանկական մատիկների մեջ, որոնք ամուր սեղմել էին հին շալը: Անտառն աղմկում էր, ինչ-որ տեղ քնաթաթախ կռնչում էր բուն, բայց Ամելիան միայն առաջ էր գնում, դեպի լիճը: Նա նույնիսկ չէր վախենում, քաջ փոքրիկը քայլում էր հին արահետով: Նա արդեն չէր հիշում, թե որքան ժամանակ է քայլում, գլխում գվվում էր, ոտքերը ցրտից կարմրել եւ ուռել էին, բայց աչքերի առջեւ նա տեսնում էր կնոջ դեմքը, որ ժպտում էր իրեն: «Մամ, մայրիկ… Մի հեռացիր, ես քեզ մոտ եմ գալիս»,- շշնջում էր երեխան:

Սայթաքելով՝ Ամելիան ընկավ: Արցունքները դուրս ցայտեցին հոգնած երեխայի աչքերից:

«Մի հեռացիր, մայրիկ, սպասիր, գալիս եմ,- շշնջում էր երեխան՝ նայելով երկնքին:- Միայն մի քիչ քնեմ եւ նորից ճամփա կելնեմ, մայրիկ, քեզ մոտ»: Աղջնակը փակեց աչքերը: Նա թաթիկի մեջ ամուր սեղմել էր կոճակը՝ Իր Մայրիկի նվերը: Հանկարծ ջերմացավ: Փոքրիկը քնած էր, իսկ անտառը մռայլորեն լռում էր: Ամելիան գեղեցիկ երազներ էր տեսնում եւ ընդհանրապես չէր մրսում… Խավարը քնքշորեն օրորում էր…

«Ամելիա, աղջիկս, արի մեզ մոտ»,- շշնջում էր հարազատ ձայնը: Անտառն ինչ-որ բանի սպասումով քարացավ: Փաթիլները դանդաղ, սգավորի նման պտտվելով՝ իջնում էին սառած գետնին: Երեխայի դեմքին սառել էր հավերժական, երջանիկ ժպիտը…

Մանկաբարձուհին փոքրիկին մոտեցրեց մորը.

- Շնորհավորում եմ, դուստր ունեք:

Էրիկան նայում էր երկնագույն աչքերով եւ զվարճալի քթով փոքրիկ աղջնակին: Նա քնքշորեն համբուրեց նորածին դստեր ճակատը:

- Ես այնքան էի սպասում քեզ,- խորը հոգոց հանեց նա:- Ես քեզ Ամելիա կկոչեմ...

Նիկոլ Հովնկյան



© NEWS.am STYLE