Հայկ Մարությանը պաշտպանեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

21:30   25 ապրիլի, 2018

Դերասան, հումորիստ Հակոն ևս մասնակցում է Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին: Բեմ բարձրանալով իր ելույթը սկսեց 1988թ.-ի շարժումից:

Հայկոն ասաց. «1988թ.-ին, երբ ես 12 տարեկան էի, ես և եղբայրս փախնում էինք տնից, ծնողներին խաբում էինք, որ գնում ենք բակ խաղալու և գնում էինք Ազատության հրապարակ: Մենք չէինք վախենում ոչ մի բանից, որովհետև այդ օրերին օդում կանգնած էր ազատության, համերաշխության և սիրո շունչը: 30 տարի անց 2018թ.-ին, երբ ես արդեն 40 տարեկան եմ, խաբում եմ իմ էրեխեքին, ասում եմ գնում եմ գործի, բայց գալիս եմ այստեղ, որովհետև այստեղ նունյպես կանգնած է ազատության, համերաշխության, սիրո շունչը»:

Անդրադառնալով ընտրությունների անցկացմանը՝ հավելեց. «Մենք տարիներ ի վեր զրկված ենք եղել արդար ընտրություններից: Հասունացել է այն պահը, որ մենք ուզում ենք արդար ընտրություւններ, և խորհրդարանում տեսնել այն մարդկանց, ում մենք ընտրել ենք: Այդ պահը եկել է, որորվհետև մենք արժանի ենք դրան: Նիկոլ Փաշինյանը կօգնի մեզ անցկացնել այդ ընտրությունները, և մենք կունենանք արդար խորհրդարան, ամեն մի խմբակցություն կունենա այն ձայները, որոնք իրոք հավաքել է: Բնականաբար, արդյունքում կունենանք ազատ, անկախ, Հայաստան»:

Խոսելով զինվորների մասին, ովքեր կանգնած են սահմանին, Մանությանն ասաց. «Մեր զինվորները, որ կանգնած կլինեն սահմանին, կիմանան՝ ինչի և ում համար են կանգնած, որովհետև իրենց մեջքին կանգնած ենք մենք, ամեն վայրկյան կվազենք և կկանգնենք նրանց կողքին»:

 



© NEWS.am STYLE