«Հավատում եմ, որ շատ շուտով կապրենք այնպիսի երկրում, որի համար բոլորս պայքարում ենք». Անուշկա Մարգարյանը՝ ցուցարարներին միանալու մասին

15:04   26 ապրիլի, 2018

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը «Քայլ արա» շարժմանը միացել է առաջին իսկ օրվանից եւ մինչ օրս ակտիվորեն մասնակցում է հանրահավաքներին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անուշկան նշեց, թե ինչու է որոշել անել իր քայլն ու միանալ շարժմանը, ինչպես նաեւ խոսեց երկրում տիրող այն խնդիրների մասին, որոնք իրեն անհանգստացնում են:

«Մասնակցում եմ շարժմանը, որպեսզի ես էլ իմ բողոքն արտահայտեմ երկրում տիրող իրավիճակի մասին:

Ես ուզում եմ տեսնել ուժեղ, կայուն եւ օրինական երկիր: Ուզում եմ՝ ապրենք մի երկում, որտեղից մարդիկ չեն ուզում հեռանալ, որտեղ կա խոսքի ազատություն, չկա վախի մթնոլորտ, չեն խախտվում մարդու իրավունքները, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված կզգա, որտեղ մարդու աշխատանքը գնահատված է, իսկ մեծահասակները կկարողանան ապրել իրենց հասանելիք թոշակով, փողոցում չենք տեսնի այդքան շատ մուրացկաններ, որոնց մեծ մասը երեխաներ են: 

Այդ ամենը եւ շատ ուրիշ խնդիրներ, ցավոք, գոյություն ունեն մեր երկրում: Ժողովրդի ձայնը վերջապես պետք է լսելի լինի: Հույս ունեմ ու հավատում եմ, որ շատ շուտով կապրենք այնպիսի երկրում, որի համար բոլորս պայքարում ենք»:

Դերասանուհին նաեւ ցավով նկատեց վերջին օրվա ընթացքում առաջացած անկարգությունը.

«Այս օրերին, ցավոք, շատերն օգտվեցին վիճակից՝ փորձելով խախտել խաղաղ վիճակը: Այդպիսիներին պետք է մաքրել խաղաղ ցուցարարների շարքից»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անուշկա Մարգարյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE