Նիհարողի օրագիր. քաշը կանգ առնելու պատճառները

20:13   13 մայիսի, 2013

Ողջո՛ւյն:

Ի՞նչ եք կարծում, եթե քաշը մեկ շաբաթ շարունակ նույնն է մնում, լա՞վ է, թե՞ վատ: Քանի որ արդեն երկար ժամանակ Էլենի Կարապետյանն օգնում է ինձ, դիմեցի նրան:

«Երբ մարդիկ ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, ընտրում են որեւէ դիետա եւ սկսում կետ առ կետ հետեւել սննդակարգի կանոններին:

Սկզբնական շրջանում քաշն արագորեն անհետանում է, բայց շուրջ մեկ ամիս անց մարդիկ նկատում են, որ քաշը կանգնել է կամ շատ դանդաղ է նվազում: Հենց այդ պահին էլ շատերը հիասթափվում են. չէ՞ որ հետեւել են բոլոր կետերին: Այստեղից էլ մարդկանց թվում է, թե նիհարելն անհնար է, թողնում են ամեն ինչ եւ կրկնակի քաշ հավաքում: Բայց այս ամենը պատճառ ունի. սկզբնական շրջանում քաշի արագ կորուստը պայմանավորված է նրանով, որ օրգանիզմից հեռացվում է հեղուկը, իսկ երբ հերթը հասնում է յուղերը հալչելուն, ամեն ինչ փոքր-ինչ դանդաղում է:

Հաջորդ պատճառն այն է, որ օրգանիզմը հոգնում է անընդհատ կրկնվող սննդակարգից եւ դադարում է արձագանքել: Նույնը կարելի է ասել ֆիզիկական աշխատանքի դեպքում, երբ անընդհատ կրկնվող միեւնույն վարժություններն արդյունք չեն տալիս: Սակայն պետք չէ սահամանափակել մեր հնարավորությունները: Երբեք պետք չէ հետեւել դիետաների, դրանք ժամանակավոր արդյունք են տալիս եւ չեն օգնում հատկապես այն մարդկանց, ովքեր ցանկանում են մեծ քաշ կորցնել: Սննդակարգն ու ֆիզիկական վարժությունները երբեք չպետք է լինեն միատոն, տրամաբանական է, որ նույն գործողությունն անընդհատ կատարելով՝ ինքներդ էլ հոգնում եք:

Սպիտակուցներ-ածխաջրեր-յուղեր. հետեւելով սննդի կանոններին՝ փորձեք ստանալ ճիշտ սննդակարգ եւ անընդհատ փոփոխեք ե՛ւ սննդակարգի, ե՛ւ ֆիզիկական աշխատանքի քանակն ու ձեւը:

Միշտ նախաճաշեք, շատ ջուր խմեք, սնվեք ճիշտ եւ եղեք առողջ: Երբեք պետք չէ հիասթափվել եւ սթրեսը հաղթահարել ուտելիքի օգնությամբ: Որքան էլ շատերին զարմանալի թվա, նիհարելու համար անհրաժեշտ է ուտել եւ, ճիշտ մոտեցման դեպքում, այդ շատ դյուրին կդառնա»:

Ի՞նչ եք կարծում, գուցե ես նույնպե՞ս ժամանակավորապես դադարեցնեմ իմ դիետան: Վաղն առավոտյան կփորձեմ կիտրոնով ջուր խմել, հետո կնախաճաշեմ, կճաշեմ կեսօրից հետո ժամը 4-ին մոտ եւ վերջ: Առանց հացի, բնականաբար: Արդյունքների մասին կգրեմ:

Ձեր՝ Անի



© NEWS.am STYLE