Exclusive. Շպռոտը՝ Հայաստան ժամանելու եւ ցուցարարներին միանալու մասին

13:06   27 ապրիլի, 2018

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը, որն առաջին իսկ օրվանից ակտիվորեն աջակցում է «Քայլ արա» նախաձեռնությանը, երեկ ժամանել է Հայաստան, որպեսզի իր պայքարը շարունակի հայրենիքում՝ ցուցարարների կողքին: Երգչուհին մասնակցել է Հանրապետության հրապարակում կայացած երեկվա հանրահավաքին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Շպռոտը նշեց, որ թեեւ ծրագրում էր ամռանն այցելել Հայաստան, սակայն երկրում տիրող իրավիճակը ստիպեց, որ ավելի շուտ վերադառնա:

«Իմ ընտանիքն այստեղ է, եւ ես ուզում եմ նրանց կողքին լինել եւ ներսից տեսնել ու զգալ իրավիճակը: Անպայման ուզում էի ֆիզիկապես մասնակցել հանրահավաքներին եւ լինել ժողովրդիս կողքին»,-ասում է երգչուհին, որը հավատում է, որ այս անգամ ժողովրդի ձայնը, բողոքներն ու պահանջները կլսվեն.

«Հաջողության գրավականը ժողովրդի իմաստության մեջ է: Ժողովուրդը պատրաստ է փոփոխությունների, մնում է՝ որոշ քաղաքական գործիչներ դա հասկանան եւ կատարեն ժողովրդի պահանջները»:

Շպռոտը նաեւ իր կոչն ուղղեց բոլոր հայերին.

«Իմ հայրենակիցնե՛ր, իմ տանջված ու անտեսված ազգ, դուք ճիշտ ուղու վրա եք, չհանձնվե՛ք: Ես զգում եմ, որ լավ օրերը մոտ են, մեր երազանքների Հայաստանը շուտով կտեսնենք եւ կհպարտանանք մեր միասնությամբ ու «դուխով»: Այս շարժումն ինձ համար հրաշք էր… Մենք հույսներս կորցրել էինք, մի տեսակ սառած, անորոշ վիճակ էր, մինչեւ որ երիտասարդները բնական ու քաղաքակիրթ ձեւով սկսեցին իրենց բողոքի կոչերը: Այս շարժմանը հետեւում է ամբողջ աշխարհը: Այսպիսի բան դեռ չի եղել, սերը վաղուց մեր երկրում չէր հաղթել: Ես մարդկանց մեջ դրական հույս տեսա, իսկ դա շատ ուժեղ բան է: Մենք ոչ թե հաղթելու ենք, մենք արդեն հաղթել ենք, ուղղակի բնության մեջ որոշ գործընթացներ ժամանակ են պահանջում: Աստված օրհնի Հայաստանը: Չդադարեք խաղաղ պայքարն ու միշտ եղեք Նիկոլ Փաշինյանի կողքին, որովհետեւ նա մեր կողմից է ու չի վախենում…»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Շպռոտի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE