Թրամփի ու նրա փաստաբանի դեմ նախկին պոռնոդերասանուհու հայցով վարույթը կարճվել է

18:05   28 ապրիլի, 2018

Մարտի վերջին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը դատի էր տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենին։ Ավելի վաղ դերասանուհին պատմել էր Դոնալդ Թրամփի հետ սեքսի ու դրանից հետո իր ստացած սպառնալիքների մասին։ Սթորմի Դենիելսը պատմել է, որ եղել է Թրամփի սիրուհին 2006-ին։ Նրա խոսքով՝ 12 տարի առաջ ինքն ու Թրամփը փոխադարձ համաձայնությամբ սեքսով են զբաղվել։
Դենիելսը վստահեցնում է, որ նախագահի փաստաբան Մայքլ Քոհենը արատավորել է իրեն՝ ակնարկելով, որ նա ստում է Թրամփի հետ ավելի քան տասը տարի առաջ ունեցած սիրային կապի մասին։ Սթորմին մտադիր է հասնել այն համաձայնագրի չեղարկմանը, որը նրան պարտավորեցնում է գաղտնի պահել Թրամփի հետ իր ունեցած կապը։


CNBC-ը հայտնում է, որ Քալիֆորնիա նահանգի դատարանը ուրբաթ 90 օրով դադարեցրել է այդ գործով վարույթը։ Այս մասին է վկայում այն որոշումը, որը հրապարակվել է դատարանի էլեկտրոնային բազայում։
Քոհենն ավելի վաղ միջնորդություն է ներկայացրել դատավարության ժամանակավոր դադարեցման մասին։ Դա արվել է այն բանից հետո, երբ նրա տանն ու գրասենյակում խուզարկություն են իրականացրել ՀԴԲ աշխատակիցները։ Նյու Յորքի իշխանությունները Քոհենի նկատմամբ իրենց սեփական հետաքննությունն են իրականացնում, նրան, The Washington Post թերթի փոխանցմամբ, կասկածում են բանկային խաբեություններում ու ֆինանսական խախտումներում, որոնք կապակցված են այդ թվում Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ։

Քոհենն իր միջնորդությունում նշել է, որ Քալիֆորնիայում իրականացվող հետաքննության շրջանակում, հնարավոր է, ինքը ստիպված կլինի տալ ցուցմունքներ, որոնք կվերաբերեն նյույորքյան հետաքննությանը։ Այսպիսով, նա նշում էր, որ խախտվելու է ինքն իր դեմ ցուցմունք չտալու իր սահմանադրական իրավունքը, որը երաշխավորված է ԱՄՆ սահմանադրության հինգերորդ ուղղումով։

Դատավոր Ջեյմս Օտերոն համաձայնել է Քոհենի փաստարկներին։ Նա տվյալ գործով հաջորդ նիստը նշանակել է հուլիսի 27-ին։ Փաստաբան Քլիֆորդ Մայքլ Ավենատին իր Twitter-ում գրել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի տվյալ վճիռը։



© NEWS.am STYLE