Exclusive. «Նրանք, ովքեր միշտ առիթից օգտվել են, պետք է փոխարինվեն իսկական հայերով». Մարկո Խանը՝ հայաստանյան դեպքերի մասին

13:05   28 ապրիլի, 2018

Ամերիկայում ամենահայտնի հայերից մեկը՝ հոլիվուդյան դերասան Մարկո Խանը, այս օրերին ակտիվորեն հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ աջակցում ցուցարարներին: «Կարիբյան ծովի ծովահանները», «Երկաթե մարդը», «Ճամբար X-Ray», «10 000 տարի մ․թ․ա», «Խոստումը» եւ մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի դերասանը թե ֆեյսբուքյան գրառումների միջոցով, թե Ամերկայում կազմակերպված ցույցերին մասնակցելով, փորձում է լինել, ինչպես ինքն է ասում՝ իր հայ քույրերի ու եղբայրների կողքին:

NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է մեր հայտնի հայրենակցի հետ՝ պարզելու, թե ինչպես է տեղեկացել հայաստանյան դեպքերի մասին եւ որոշել միանալ ժողովրդին:

«Երբ շարժումը սկսվեց, շատ էի ցանկանում պարզել, թե ինչ է կատարվում: Հետո մի երիտասարդ Երեւանից կապվեց ինձ հետ եւ Facebook-ի տեսաչատով սկսեցինք զրուցել: Երբ սկսեցինք զրույցը, երիտասարդը սկսեց լաց լինել: Հարցրեցի՝ ինչո՞ւ ես լացում, եղբայրս: Նա պատասխանաեց. «Պարոն Մարկո, Դուք չեք պատկերացնում, թե սա ինչ նշանակություն ունի ինձ համար: Ձեր եւ սփյուռքի մյուս հայտնի հայերի աջակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի: Ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ… Ես կապվեցի իմ մի քանի հայ ընկերների հետ, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանամ: Ոմանք ինձ խորհուրդ տվեցին չխառնվել իրավիճակին, բայց ինձ համար սա ճշտի ու սխալի պայքար էր: Այսպիսով, որոշեցի 100 տոկոսով աջակցել Հայաստանում ապրող իմ քույրերին ու եղբայրներին:

Ես նաեւ նշեցի, որ ցանկանում եմ վերադարձնել մեդալս (դերասանն անցած տարի պարգեւատրվել էր «Մովսես Խորենացի» շքանշանով): Այս շարժումն ինձ համար մեծ նշանակություն ունի: Հարգում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում են երթին: Այսպիսի բան դեռ վաղուց պետք է արվեր: Այնքան շնորհակալ եմ, որ ամեն ինչ խաղաղ կերպ ընթացավ: Ոստիկանության ծեծերի դեմ էլ ցուցարարները մնացին խաղաղ եւ ուժեղ, իսկ ցույցին մասնակցողների թիվն օրեցօր աճում է: Մենք ազատվեցինք գլխից, բայց մարմինը դեռ մնում է: Եթե նրանք հայի մտածողություն ու սիրտ ունենային, չէին թալանի մեր երկիրը: Իսկական հայը առաջնահերթ մտածում է իր ժողովրդի մասին, ինչպես իր ընտանիքի…»:

Մարկոն նաեւ հավելեց.

«Եսասերների համար այլեւս տեղ չկա: Սփյուռքը գումար է ուղարկում եւ այլ անհրաժեշտ պարագաներ, բայց լավագույնը նրանց է բաժին հասնում, քիչ բան է տրվում ժողովրդին, որոնք իսկապես դրա կարիքն ունեն: Սփյուռքը ձեզ հետ է, մենք միշտ կաջակցենք Հայաստանին: Հիմա Հայաստանը պետք է գտնի մի առաջնորդ, որը ավելի լավ ապագա մեզ կտանի: Նախ եւ առաջ նրանք, ովքեր միշտ առիթից օգտվել են, պետք է փոխարինվեն իսկական հայերով, ովքեր ամենալավն են ցանկանում մեր երկրի ու ժողովրդի համար»:

Մարկո Խանն իր աջակցությունը հայտնեց նաեւ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին.

«Մի բան հաստատ գիտեմ՝ պարոն Նիկոլ Փաշինյանը մեծ սիրտ ունի: Այս մարդն օրերով քայլում է եւ իր կյանքն է վտանգում՝ չիմանալով, թե ինչ կլինի հետո: Ես քաղաքական գործիչ չեմ, բայց ես կարդում եմ մարդկանց նրանց գործողություններով: Ես աջակցում եմ պարոն Փաշինյանին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան՝ անարյուն հրաժարականի համար, իսկ նրա կողմնակիցներին խնդրում եմ, որ ինքնակամ թողնեն իրենց աթոռները: Աշխարհն է մեզ դիտում, նաեւ՝ մեր թշնամիները: Խնդրում եմ, ճիշտ որոշում կայացրեք մեր երկրի համար»:

Դերասանը վստահ է. «Սա նոր Հայաստանի սկիզբն է: Եկեք Հայաստանը դարձնենք մի այնպիսի վայր, որտեղ մարդիկ կցանկանան ապրել՝ հեռանալու փոխարեն: Ես կարդացել եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է. «Մենք չենք ցանկանում հարձակվել Հայաստանի վրա, 10-20 տարի հետո ոչ ոք էլ այնտեղ չի մնա»: Եթե դուք իսկական հայ եք, սա պետք է մի բան հուշի ձեզ: Խնդրում եմ, եկեք Հայաստանն ավելի լավ վայր դարձնենք: Ուզում եմ գալ, ապրել ու մեռնել իմ հայրենիքում: Սիրում եմ Հայաստանն ու իմ հայ քույրերին ու եղբայրներին»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE