«Ամենից շատ հպարտանում եմ սեփական թերություններիս վրա ծիծաղելու կարողությամբ». Պենելոպե Քրուզը դարձավ 44 տարեկան

19:25   28 ապրիլի, 2018

Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհիներից մեկը՝ դերասանուհի Պենելոպե Քրուզն, այսօր՝ ապրիլի 28-ին, նշում է ծննդյան 44-ամյակը:

Քրուզը նկարահանվել սկսել է 1991 թ-ից, դերասանուհու դեբյուտային դերը եղավ «Խոզապուխտ» տրագիկոմեդիայում, որտեղ նրա խաղընկերը նրա այժմյան ամուսին Խավիեր Բարդեմն էր:

Ֆիլմը քննադատների կողմից արժանացավ դրական արձագանքների, իսկ Պենելոպե Քրուզն իր խաղով տպավորեց շատ ռեժիսորների: Երիտասարդ դերասանուհուն հրավիրեցին նկարահանվել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են` «Բացիր աչքերդ», «Քո երազանքների աղջիկը», «Կոկաին», «Վանիլային երկինք» եւ այլն:

Բացի դերասանուհի լինելուց` Քրուզը հաճախ ներկայանում է որպես մոդել: Նա համագործակցում է մի շարք հայտնի բրենդների հետ, որոնցից են Ralf Lauren-ն ու L’Oreal-ը: Պենելոպեն նաեւ պատրաստակամությամբ է մասնակցում  բարեգործական տարբեր միջոցառումների:

Ինչ վերաբերում է դերասանուհու անձնական կյանքին` 2010 թ-ից նա ամուսնացած է դերասան Խավիեր Բարդեմի հետ: Զույգն ունի որդի եւ դուստր, որոնց անվանել են Լեոնարդո եւ Լունա:

Օսկարակիր դերասանուհու հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Չես կարող ապրել կյանքդ՝ ինքդ քեզ վրա նայելով ինչ-որ մեկի տեսանկյունից»:

«Չգիտեմ՝ ինչու, բայց հենց գեղեցկության սրահներում են կանայք պատմում իրենց ամենածանր խնդիրների մասին»:

«Ես ուժեղ անձնավորություն եմ եւ ասում եմ այն, ինչ մտքումս կա»:

«Ես կյանքում մի նպատակ ունեմ՝ լինել երջանիկ»:

«Ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն ապրեն որքան հնարավոր է հանրայնացումից հեռու: Իրենց մայրիկի ու հայրիկի աշխատանքը ոչ մեկին չպետք է իրավունք տա խառնվել իրենց անձնական կյանքին»:

«Չգիտեմ՝ արդյոք հավատո՞ւմ եմ ամուսնությանը: Ես հավատում եմ ընտանիքին, սիրուն եւ երեխաներին»:

«Ես ամենից շատ հպարտանում եմ սեփական թերություններիս վրա ծիծաղելու կարողությամբ»:

«Սիրում եմ այնպիսի դերեր, որոնցում մարդիկ ինձ չեն ճանաչում»:

«Իսպանիայում դերասանուհիներն աշխատում են մինչեւ խորը ծերություն: Դա է իմ նպատակը»:

«Ես երբեք չեմ գնում այնպիսի մի վայր, որտեղ ինձ կշրջապատեն ուշադրությամբ: Ինձ մոտ ճիշտ հակառակն է»:

Լուսանկարները՝ Mark Arbeit Photography, Elle



© NEWS.am STYLE