«Դու չես կարող կառավարել, թե ում պետք է սիրահարվես». Քիրսթեն Դանսթը դարձավ 36 տարեկան

16:04   30 ապրիլի, 2018

Ամերիկացի հայտնի դերասանուհի Քիրսթեն Դանսթն այսօր՝ ապրիլի 30-ին, դարձավ 36 տարեկան: Քիրսթենը շատ վաղ տարիքից է սկսել նկարահանվել, եւ ինչպես շատ դերասանուհիներ՝ նա եւս սկսել է մոդելային կարիերայից, որից հետո առաջարիկ է ստացել նկարահանվելու ֆիլմերում: Նրան շատերը ճանաչել են «Սարդ մարդը» ֆիլմի շնորհիվ, որտեղ դերասանուհին մարմնավորում էր գլխավոր հերոսի ընկերուհուն՝ Մերի Ջեյնին:

Դանսթը տարբեր ժանրերում է նկարահանվել՝ կատակերգություններում, դրամաներում եւ ֆանտաստիկ կինոնկարներում, իսկ 2001 թ-ին նա բացահայտեց նաեւ իր երգելու ունակությունները՝ նկարահանվելով «Հաղթահարիր դա» ֆիլմում:

Ինչ վերաբերում է Քիրսթենի անձնական կյանքին՝ 2016 թ-ին նա սկսեց հանդիպել դերասան Ջես Փլեմոնսի հետ: Զույգի նշանդրեքը կայացավ նախորդ տարի:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու հայտնի մտքերից մի քանիսը.

«Դու չես կարող կառավարել, թե ում պետք է սիրահարվես: Նույնիսկ կյանքիդ ամենատխուր պահին դու չես սիրահարվում ինչ-որ մեկին միայն նրա համար, որ նա կարողանում է քեզ ժպիտ պարգեւել»:

«Ես շատ հասուն եմ իմ տարիքի համար, բայց որոշ հարցերում՝ շատ միամիտ»:

«Ես երջանիկ եմ, երբ ընկերներիս հետ եմ ու ընդհանրապես կարեւոր չէ, թե մենք ինչով ենք զբաղված»:

«Ինքնավստահությունը շատ սեքսուալ բան է: Միգուցե դու գեղեցիկ չլինես, բայց այնպիսի ինքնավստահություն ունենաս…»:

«Ձեզ ծանո՞թ է այն զգացումը, երբ առավոտյան արթնանում եք ու շատ ոգեւորված եք լինում տվյալ օրվա համար: Դա է կյանքիս մեծագույն նպատակը, որ ամեն առավոտ այդպես լինի»:

«Նրբագեղության իրական գաղտնիքը սեփական ուժերդ վրա վստահ լինելն է: Պետք է փորձել զգույշ լինել ցանկություններիդ եւ մտքերիդ մեջ»:

«Ես պատրաստ եմ կերտել այնպիսի դերեր, որոնք բացարձակ ինձ հետ կապ չունեն»:

«Ինձ միշտ դուր են եկել աղջկական մուլտֆիլմերը: Ես շատ թիթիզ աղջիկ եմ եղել»:

«Որքան շատ բան եմ տեսնում կյանքում, այնքան ավելի շատ մտքեր են ծնվում եւ ավելի շատ եմ ցանկանում ստեղծել արվեստ»:

«Ես չեմ փորձում լինել սեքսուալ: Եթե դու սեքսուալ ես, դա արդեն երեւում է, եթե ոչ, ուրեմն չի էլ երեւա»:

Լուսանկարները՝ Francois Durand/Getty Images, Vogue Italia



© NEWS.am STYLE