630 միլիոն դոլար՝ նոր «Վրիժառուները» համաշխարհային ռեկորդ են սահմանել

16:34   30 ապրիլի, 2018

Marvel-ի թողարկած նոր ֆիլմը՝ Avengers: Infinity War («Վրիժառուները․ Հավերժության պատերազմը») պատմական ռեկորդ է սահմանել վարձույթի ցուցանիշներով։

Deadline-ը գրում է, որ վարձույթում հայտնվելուց հետո առաջին հանգստյան օրերին ֆիլմը բացարձակ ռեկորդ է սահմանել՝ 630 մլն դոլար։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը հավաքել է 250 մլն դոլար, Մեծ Բրիտանիայում ՝ 42 մլն դոլար, Հարավային Կորեայում՝ 39 մլն, Ավստրալիայում՝ 23 մլն դոլար, իսկ Չինաստանում պրեմիերան կկայանա մայիսի 11-ին։

Հիմա այն դարձել է աշխարհի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ անցած հանգստյան օրերի դրությամբ։ 2017-ին Ամերիկայում հանգստյան օրերին ամենամեծ հաջողություն ունեցած ֆիլմն էր դարձել «Ֆորսաժ»-ի վերջին դրվագը, որը 443 մլն դոլար էր հավաքել վարձույթում։ Բայց վերջին «Վրիժառուները» գերազանցել են Վին Դիզելի գլխավոր դերակատարմամբ 8-րդ մարտաֆիլմի ցուցանիշները։

Նոր ֆիլմն անցած տարիների բլոկբաստերների շարունակությունն է, 19-րդը՝ Marvel կինոյի աշխարհում։ Ֆիլմում Սև այրին, Երկաթե մարդը, Տորը, Բժիշկ Սթրենջն ու այլ Վրիժառուներ միավորվում են Գալակտիկայի պահակների հետ, որպեսզի դիմակայեն վտանգավոր չարագործ Թանոսին, որը հավաքում է հավերժության քարերը։



© NEWS.am STYLE