«Ինձ համար շատ կարեւոր է հայերեն երգելը». Սեւակ Խանաղյանը՝ Լիսաբոնում կայացած եվրատեսիլյան առաջին փորձի մասին

10:01   1 մայիսի, 2018

Երեկ Սեւակ Խանաղյանն առաջին անգամ Լիսաբոնի եվրատեսիլյան բեմում հանդես է եկել «Քամի» երգի փորձով, որից անմիջապես հետո երգիչը լրագրողների հետ հանդիպում է ունեցել եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք բազմազան էին՝ սկսած երգի հայերեն ընտրությունից մինչեւ Սեւակի արտաքին կերպարը:

«Առաջին փորձս շատ լավ անցավ, դրական էներգիա կար, ինձ շատ է դուր եկել այստեղի մթնոլորտը: Անհամբեր սպասում եմ մյուս փորձերին: Փորձը մեզ դուր է եկել, բայց, իհարկե, կան որոշ մանրուքներ, որոնք կշտկենք եւ ամեն ինչ մեր սրտով կդարձնենք»,-նշել է երգիչը:

Անդրադառնալով հայալեզու իր ստեղծագործությանը՝ Սեւակն ասել է.

«Ինձ համար շատ կարեւոր է սկզբից մինչեւ վերջ հայերեն երգելը, որովհետեւ «Եվրատեսիլն» այն մրցույթն է, որի ընթացքում երկրները կիսվում են իրենց մշակույթով: Իմ կարծիքով լավագույնս դա կարելի է անել հենց լեզվի միջոցով»:

Լրագրողներին հետաքրքրել է նաեւ Սեւակի ոճը: Երգիչը նշել է, որ թրենդներին երբեք չի հետեւել, իսկ նորաձեւ մորուքն արդեն 7 տարի է, ինչ պահում է:

Շատերի աչքից չի վրիպել նաեւ այն փաստը, որ Սեւակի որդին՝ Բագրատը, եւս հետաքրքրված է երաժշտությամբ: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է նա եւս ընտրի հայրիկի ուղին, երգիչը պատասխանել է.

«Կցանկանայի, որ նա դառնար երաժիշտ: Չեմ կարող ասել, թե ինձ պես հաճախ է երգում, բայց երաժշտություն սիրում է: Ինձ համար կարեւորը, որ նա դառնա լավ ու արժանի մարդ: Իսկ, թե ինչով կզբաղվի, դա այնքան էլ կարեւոր չէ»:

Սեւակի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Wiwibloggs կայքի պատրաստած տեանյութի միջոցով:



© NEWS.am STYLE