Ամերիկահայ դերասան Դավիթ Սարգսյանը՝ Դարոն Մալաքյանի տեսահոլովակում նկարահանվելու եւ նրա հետ աշխատելու մասին

13:15   2 մայիսի, 2018

Օրեր առաջ System Of A Down ռոք խմբի կիթառահար եւ բեք-վոկալիաստ Դարոն Մալաքյանը թողարկեց իր նոր՝ Lives տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Տեսահոլովակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱՄՆ-ում հայտնի հայ դերասան եւ պարող Դավիթ Սարգսյանը, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է: Այս անգամ երիտասարդ դերասանի հետ զրուցել ենք աշխարհրահռչակ երաժիշտի հետ համագործակցության եւ ԱՄՆ-ում կազմակերպված բողոքի ակցիաների մասին, որոնք արվում են ի աջակցություն Հայաստանում սկսված շարժմանը:

«Նկարահանումներին մասնակցելու հրավեր ստացել եմ ԱՄՆ-ում բնակվող հայազգի ռեժիսոր Հայկ Մաթեւոսյանից, որը տեղեկացրեց, որ նորովի ու յուրահատուկ ձեւով են այս տեսահոլովակով անդրադառնալու Հայոց Ցեղասպանությանը: Հայկ Մաթեւոսյանի հետ արդեն առիթ ունեցել էի աշխատելու մեկ այլ տեսահոլովակի նկարահանման շուրջ: Իմանալով նրա յուրօրինակ ոճը՝ չէի կարող չհամաձայնվել, հատկապես, երբ խոսքը մեզ համար այդքան կարեւոր թեմայի մասին է»,-նշեց Դավիթը:

Տեսահոլովակի հիմնական պարողներից էին նաեւ դերասաանի եղբայրը՝ Գոռը, հորեղբոր տղաները՝ Էդուարդն ու Տիգրանը, նաեւ Էդուարդի կինը՝ Ինգան:

«Մենք ներկայացնում էինք LA Imperial պարային ստուդիան, որը հիմնադրել է հենց Էդուարդ Սարգսյանը: Սա եղբայրներով միասին ներկայանալու առաջին դեպքը չէր: Միշտ հետաքրքիր է լինում եղբայրներով միասին աշխատելը»,-ասում է դերասանը, որը պարով սկսել է զբաղվել դեռ մանկուց.

«Մինչ ԱՄՆ տեղափոխվելը 2004-11 թ-երին ուսանել եմ Երեւանի Պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժնում։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո սկսեցի ուսումնասիրել նոր պարային ոճեր՝ մոդերն, հիփ-հոփ եւ լատինական պարեր։ Ի դեպ, ունեմ American Rhythm եւ Smooth պարաոճերի պարուսույցի որակավորում, ինչպես նաեւ այս տարի կստանամ խորեոգրաֆի եւ այլ պարաոճերի պարուսույցի որակավորումներ»։

Ինչ վերաբերում է Դարոնի հետ ծանոթությանը՝ այն կայացել է հենց նկարահանման հրապարակում.

«Սա առաջին համագործակցությունն էր միասին, սակայն հետագայում կարող են նոր համատեղ աշխատանքներ լինեն:

Դարոնի հետ աշխատելը շատ հաճելի էր, ու, չնայած շատ շփվելու հնարավորություն չունեինք ծանրաբեռնված նկարահանումների պատճառով, այնուամենայնիվ նա շատ համեստ անձնավորության տպավորություն թողեց ինձ վրա, ինչով, իհարկե, շատ է տարբերվում իր բեմական կերպարից»:

Դավիթը ներկայացրեց նաեւ նկարահանման պրոցեսից որոշ մանրամասներ.

«Նկարահանումները տեւեցին 2 ամբողջ օր: Ի դեպ, նկարահանումների համար մեզ էին միացել նաեւ ԱՄՆ-ում գտնվող 4 այլ պարային խմբեր` «Բարեկամություն» միջազգային պարային ստուդիան, «Զվարթնոց» պարային անսամբլը, «Հայաստան» մշակութային կենտրոնը եւ «Կռունկ» պարային ստուդիան: Առաջին օրը բացօթյա նկարահանում էր՝ Լոս Անջելեսից բավականին հեռու լեռնային վայրում: Երկրորդ օրն արդեն մեր պարային ստուդիայում էր՝ LA Imperial Dance-ում, որն անճանաչելիորեն փոխակերպել էին՝ ամբողջովին պատելով գորգերով: Դրանք անմոռանալի ու հագեցած օրեր էին»:

Ինչ վերաբերում է արտերկրում ճանաչված մեր հայիրենակիցների հետ հետագա համագործակցություններին՝ դերասանը նշում է.

«Այս պահին դեռ չկան նոր առաջարկներ, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են եւ վստահ եմ, որ շատ շուտով կներկայանամ նոր նախագծերում»։

Չնայած հայրենիքից հեռու լինելուն՝ դերասանն ակտիվորեն հետեւում է հայաստանյան իրադարձություններին եւ ԱՄՆ-ում գտնվող մեր մյուս հայրենակիցների հետ աջակցում Հայաստանի խաղաղ ցուցարարներին.

«ԱՄՆ-ում բոլոր հայերը միացել են ժողովրդական շարժմանը եւ այս շարժումը միավորել է ոչ միայն Հայաստանում բնակվող հայերին, այլեւ սփյուռքում գտնվողներին: Ցույցերը բազմահազարավոր են եւ ներգրավել են ամբողջ ԱՄՆ-ն: Լոս Անջելեսի փողոցներում հայկական դրոշերով ազդանշան տվող մեքենաները հազարավոր են: Այս շարժումը հույս է տվել միլիոնավոր հայերի, որ կարող են վերադառնալ հայրենիք եւ ունենալ ազատ, անկախ եւ օրինական երկիր: ԱՄՆ-ում բնակվող հայերը Հայաստանի հետ են մինչեւ վերջ»,-ասաց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դավիթ Սարգսյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE