«Ես այլ տարբերակ չունեի, քան լինել ուժեղ». Դոնաթելա Վերսաչեն դարձավ 63 տարեկան

18:05   2 մայիսի, 2018

Իտալացի մոդելավորող, Versace նորաձեւության տան համասեփականատեր եւ գլխավոր դիզայներ Դոնաթելա Վերսաչեն այսօր` մայիսի 2-ին, նշում է ծննդյան 63-ամյակը:

Դոնաթելան առաջին դիզայներներից էր, որը նախընտրեց իր ցուցադրություններին հրավիրել ոչ թե համաշխարհային ճանաչում ունեցող մոդելների, այլ շոու-բիզնեսի հայտնի աստղերի` իր շոուները դարձնելով ավելի հետաքրքիր: Այդ հայտնիների թվում էին Ջենիֆեր Լոպեսը, Մադոննան, Բեյոնսեն, Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Դեմի Մուրը եւ այլք:

Վերսաչեն այսօր նորաձեւության ոլորտի ամենահայտնի դեմքերից է: Հասարակությունը քննարկում է ոչ միայն նրա զգեստները, այլեւ արտաքինը, պլաստիկ վիրահատություններն ու անձնական կյանքը: Նրա կերպարն առկա է նորաձեւության մասին նկարահանված գրեթե բոլոր ֆիլմերում:

Մոդելավորողի հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Տղամարդկանց համար էլեգանտ լինելը միշտ պետք է նորաձեւ լինի: Դրա տարբեր դրսեւորումներ կան՝ մետաքսի, նրբաճաշակ շապիկի միջոցով…»:

«Մարմինը պետք է ձեւավորել հագուստի օգնությամբ. այլ տարբերակներ չկան»:

«Լավ չէ, երբ այդքան հեշտությամբ կուլ ես գնում մարդկանց կարծիքներին: Պետք է հավատաս ինքդ քեզ»:

«Մեր օրերում կոստյումը չէ, որ պետք է ասոցացվի գործարար մարդու կերպարի հետ, ոչ էլ լայն շապիկը՝ ռոք աստղի: Նույն մարդը կարող է կրել տարբեր ոճի հագուստ»:

«Կարծում եմ՝ տղամարդիկ կարող են գայթակղել կանանց խոսքերի, երկխոսության եւ գեղեցիկ շարժուձեւի շնորհիվ: Դա ավելի սեքսուալ է, քան, երբ նրանք ցուցադրում են մկանները»:

«Նորաձեւությունը զենք է, որը կարող ես օգտագործել, երբ դրա կարիքը զգացվում է»:

«Իմ կյանքում ես այլ տարբերակ չունեի, քան լինել ուժեղ»:

«Նորաձեւությունը երջանկություն է. այն զվարճալի է, կարեւոր, բայց դեղորայք չէ»:

«Նորաձեւությունը թարմ արյան կարիք ունի, իսկ Լոնդոնն այդ առումով ամենակրեատիվ վայրն է»:

«Ես գլամուրի մասին միշտ եմ մտածում: Առավոտյան արթնանում եմ ու արդեն գլամուրային եմ լինում»:

Լուսանկարները՝ Getty/Noam Galai, Hero, Rahi Rezvani 



© NEWS.am STYLE