Արարատ լեռը, աշխարհահռչակ հայերն ու շախմատը. BBC-ի անդրադարձը Հայաստանի մասին

13:20   3 մայիսի, 2018

Այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում Հայաստանն է: Աշխարհի մի շարք վայրերից այստեղ են ժամանել հայտնի լրատվամիջոցներ՝ հայաստանյան հանրահավաքները լուսաբանելու նպատակով, որոնց հատկապես հիացրել է հայ ժողովրդի խաղաղությունն ու միասնականությունը: Նրանցից շատերը իրենց համար նոր բաներ են բացահայտել մեր երկրի մասին, որոնց մասին արդեն սկսել են նյութեր պատրաստել: Այսպես օրինակ՝ աշխարհում ամենահայտնի լրատվամիջացներից մեկը՝ BBC-ն, անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով 6 փաստ, որոնք պետք է իմանալ մեր երկրի մասին:

Ահա, թե ինչ է գրում կայքը.

Հայերից շատերն ապրում են հայրենիքից դուրս

Երկրի բնակչությունը կազմում է մոտավորապես 3 միլիոն, սակայն միլիոնավոր հայեր ապրում են հանրապետությունից դուրս: Հայերը մեծ համայնքներ ունեն Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: Հայերից շատերն ընտրում են Ռուսաստանը, քանի որ այն մոտ է եւ նրանք շատ լավ են տիրապետում ռուսերենին:

Արարատ լեռն այստեղ ազգային խորհրդանիշ է

Չնայած այն հիմա Թուրքիայի տարածքում է…

Արարատի ձյունապատ գագաթը շատ լավ երեւում է Երեւանի տարբեր կողմերից:  Աստվածաշնչում ասվում է, որ Նոյյան տապանը ջրհեղեղից հետո հանգրվանել է Արարատ լեռան վրա:

Հայերն առաջին քրիստոնյաներից են

Հայերն առաջին ազգն են, որ ընդունել են Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Նրանց եկեղեցին անկախ է աշխարհի մյուս բոլոր եկեղեցիներից:

Շախմատ սովորելն այստեղ պարտադիր է

2011 թ-ից սկսած Հայաստանի բոլոր աշակերտները պարտադիր դպրոցում սովորում են շախմատ խաղալ:

Հայաստանն աշխարհին հայտնի է իր շախմատիստներով. երկրում մոտ 3000 մասնագիտացված շախմատի ուսուցիչներ կան:

Հայկական գինին…

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինը Չերչիլին հայկական գինի է ուղարկել՝ որպես նվեր: Տարիներ անց՝ 2013 թ-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դեւիդ Քեմերոնին եւս որպես նվեր հայկական գինի է տվել՝ կրկնելով պատմությունը:

Հայտնի մարդկանցից շատերն ունեն հայկական արմատներ

Աշխարհահռչակ հայերի թվում են՝ Շառլ Ազնավուրը, Գարի Կասպարովը, Շերը եւ Քիմ Քարդաշյանը, որն, ի դեպ, Հայաստանում տիրող իրադարձությունների մասին եւս գրառում է արել:

Լուսանկարները՝ Getty, Instagram



© NEWS.am STYLE