Սրբուհի Սարգսյանը վերադարձել է Երեւան. երգչուհին՝ ուկրաինական «Ձայնը» նախագծի եւ վերջին ելույթի հետ կապված միջադեպի մասին

16:56   3 մայիսի, 2018

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, որը վերջին օրերի ընթացքում չէր դադարում հիացնել երկրպագուներին եւ ուկրաինական «Ձայնը» նախագծի մարզիչներին նախագծում իր փայլուն մասնակցությամբ, այսօր վերադարձել է հայրենիք: Օդանավակայանում Սրբուհուն դիմավորել են երկրպագուներն ու մտերիմները, ինչպես նաեւ NEWS.am STYLE-ի տեսախցիկը:

«Մի քիչ դժվար էր այս կարճ ժամանակահատվածում պատրաստել ելույթները, սակայն շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի՝ ամեն ինչ հնարավոր դարձավ: Հաճելի էր աշխատել նրանց հետ: Հուսով եմ՝ հետագայում առիթ կլինի, որ ցուցադրեմ այնտեղի սովորածս»,-լրագրողների հետ զրույցում նշել է երգչուհին:

Սրբուհին նաեւ հույս է հայտնել, որ կապն իր մարզչի՝ Պոտապի հետ դեռ երկար կպահի.

«Պոտապը միշտ պատրաստ է ինձ օգնել ցանկացած հարցում: Թե ինչ կլինի հետո, դեռ չգիտեմ»:

Երգչուհին նշում է. «Տրամադրված էի հաղթելուն, չստացվեց, բայց չհուսահատվեցի, բեմում էլ դա երեւաց: Բացի այդ՝ օտար երկում էի, հայ, դա էլ կապ ուներ, որովհետեւ ամեն դեպքում՝ իրենց ազգի ներկայացուցիչներին ավելի շատ էին պրոպագանդում»:

Երգչուհին անդրադարձել է նաեւ իր վերջին ելույթի հետ կապված տեխնիկական խնդրին, ինչի արդյունքում ելույթի վերջում էկրաններին հայտնվել էր Ադրբեջանի դրոշը.

«Չգիտեմ՝ ինչպես էր դա ստացվել: Ես հետեւել էի եւ էկրաններին նախկինում նման բան չէր եղել, մենք միասին էինք քննարկել ելույթը: Չեմ կարծում, թե միտումնավոր էին արել, որովհետե իրենք շատ լավ էին տրամադրված իմ նկատմամբ եւ, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ: Չեմ ուզում վատը մտածել ու հուսով եմ, որ դա ընդամենը թյուրիմացության արդյունքում է եղել»:

Ի դեպ, երգչուհին այսօր Instagram-ում տեղեկացրել է, որ մայիսի 8-ին Երեւանում հայրենակիցների հետ միասին պատրաստվում է տոնել հայ ժողովրդի միասնական հաղթանակը.

 «Թանկագիններս, վերջապես, հաղթանակ: Մայիսի 8-ին Հայսատանի Հանրապետությունը կունենա նոր վարչապետ, որին ընտրել է ժողովուրդը: Նա հենց ինքը ժողովուրդն է: Ես վերադառնում եմ, որպեսզի ձեզ հետ միասին տոնեմ մեր հաղթանակը»,-գրել է նա:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE