Անջելինա Ջոլիի կուրծքը հեռացրել են

10:29   14 մայիսի, 2013

Մոլորակի ամենացանկալի կինը՝ Անջելինա Ջոլին խոստովանել է, որ կրծքագեղձերի հեռացման վիրահատություն է կատարել: Այդ մասին նա ասել է ամերիկյան New York Times-ին:

Դերասանուհու խոսքով, ինքը վաղուց էր նման որոշում ընդունել՝ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգից խուսափելու համար. «Բժիշկները մեր ընտանիքին փաստի առջեւ կանգնեցրին՝ հայտարարելով, որ ինձ մոտ կրծքի քաղցկեղի զարգացման 87% հավանականություն կա, ինչպես նաեւ 50%՝ ձվարանի քաղցկեղի»: Եվ Ջոլին ոչ դյուրին որոշում է ընդունել: Վիրահատությունը կայացել է 2013 թվականի ապրիլի վերջին:

Անջելինայի խոսքով, շատ է ցանկանում, որ իր օրինակին հետեւեն միլիոնավոր կանայք, ովքեր «իր փորձից օգուտ կքաղեն եւ ավելի ուշադիր կլինեն իրենց առողջության հանդեպ»:

«Ամեն տարի կրծքի քաղցկեղից 458.000 մարդ է մահանում: Ես երջանիկ եմ, որ այս դժվարին շրջանում Բրեդը կողքիս էր: Չնայած երեխաներս շատ վախեցան, երբ հայտնեցի իմ որոշման մասին, նրանք հրաշալի հասկանում են, որ ես մնացի պարզապես որպես մայր: Մենք ամեն ինչ կհաղթահարենք»,- պարբերականին ասել է դերասանուհին:

Ջոլին նաեւ նշել է, որ իր մայրը քաղցկեղից մահացել է 56 տարեկանում. «Ցավոք, նա չկարողացավ ծանոթանալ իր բոլոր թոռնիկների հետ: Նրանք երբեք չեն իմանա, թե որքան հիասքանչ կին էր նա»:

Անջելինան արդեն իրեն հրաշալի է զգում: Բժիշկներն իմպլանտների օգնությամբ վերափոխել են նրա կուրծքը:



© NEWS.am STYLE