«Ամենաթանկ նվերը ստացել եմ 26 տարի առաջ». Լուիզա Կարապետյանը՝ ծննդյան օրվա անակնկալների մասին

17:25   4 մայիսի, 2018

Դերասանուհի Լուիզա Կարապետյանն այսօր՝ մայիսի 4-ին, նշում է ծննդյան 26-ամյակը: Այս առիթով NEWS.am STYLE-ը շնորհավորել է դերասանուհուն եւ զրուցել իր կյանքի կարեւորագույն օրվա մասին:

«Առաջինը, սովորաբար, ինձ շնորհավորում են ընտանիքիս անդամները, այնուհետեւ սկսվում են զանգերը՝ թե այստեղի, թե արտերկրում ապրող ընկերներիս ու բարեկամներիս կողմից»,-նշեց նա՝ հավելելով, որ ծննդյան օրվա անակնկալները սկսվել են առաջին իսկ վայրկյանից.

«Կեսգիշերին, երբ պատրաստվում էի ընտանիքիս անդամների կողմից պատրաստած անակնկալ տորթի մոմերը փչել, դռան զանգը հնչեց եւ ընկերներս եւս մեկ տորթով ու երգելով անակնկալի բերեցին ինձ: Ես էլ խուճապի մատնված՝ չէի կողմնորոշվում՝ որ տորթի մոմերը փչեմ»:

Դերասանուհին չցանկացավ առանձնացնել ստացած նվերներից ինչ-որ մեկը.

«Չեմ սիրում դրանք առանձնացնել, բայց ամենաթանկ նվերը ստացել եմ 26 տարի առաջ իմ ծնողների կողմից՝ Կյանքը»:

Ինչ վերաբերում է ամենահիշարժան տարեդարձին՝ Լուիզան ասում է.

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ յուրովի մի պատմություն ունի, իսկ ամենակարեւորն այն է, որ ժպիտով եմ հիշում դրանք»:

Ի տարբերություն շատերի՝ դերասանուհին մեծանալուց չի վախենում.

«Մեծանալը երջանկություն է, բնականոն կյանքի ընթացք: Տա Աստված՝ բոլորս ապրենք երջանիկ ե առողջ մինչեւ խորը ծերություն»,-ասում է նա:

Իսկ երազանքն է, որ «ապրենք խաղաղ, առողջ, բարի մթնոլորտում եւ կարողանանք մեզ պարգեւած ժամանակահատվածում կյանքի կոչել մեր բոլոր երազանքները»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լուիզա Կարապետյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE