Միրիամ Բաղդասարյանը չհաղթեց կանադական «Ձայն»-ում, բայց համագործակցության առաջարկ ստացավ Kodaline խմբի կողմից

15:31   7 մայիսի, 2018

Կանադական «Ձայնը» նախագիծը մոտեցավ ավարտին: Չնայած Հայաստանում շատերն անհամբերությամբ սպասում էին մեր հայրենակցուհու՝ Միրիամ Բաղդասարյանի հաղթանակին՝ մրցույթում հաղթեց 27-ամյա Յամա Լորենթը, որը Գարուի թիմից էր: Խոսելով իր մասնակցի մասին՝ հայտնի երգիչը նշել է, որ Յաման իր համար էլ էր բացահայտում, որի հետ համագործակցությունն անպայման շարունական բնույթ է կրելու:

Ինչ վերաբերում է մեր հայրենակցուհուն, ապա  ինչպես գրում է մրցույթի պաշտոնական կայքը՝  նա, ինչպես միշտ, էներգետիկ ելույթ է ունեցել: Ի դեպ, Միրիամը մրցույթի ամենակրտսեր մասնակիցն էր. նրա 19-ամյակը լրացել է այս շաբաթ:

Չնայած Միրիամը չի հաղթել մրցույթում՝ նա ձեռնունայն չի մնացել: Հայուհին տպավորել է իռլանդական հայտնի Kodaline խմբին, որոնք առաջարկել են աղջկան իրենց հետ ելույթ ունենալ միեւնույն բեմում:

Հիշեցնենք, որ նախագծի շրջանակում Միրիամը հանդես էր գալիս Լարա Ֆաբիանի թիմում:

Լուսանկարները՝ tva.canoe.ca կայքից եւ Միրիամի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE