Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. «Հայտնի է, որ լավ ամուսինները ճանապարհին թափված չեն, եւ որոշեցի Նրան փնտրել ակումբում…»

22:09   14 մայիսի, 2013

Փնտրտուքները շարունակվում են: Քանի որ լավ ամուսինները, ինչպես հայտնի է, ճանապարհին թափված չեն, ես որոշեցի Նրան փնտրել ակումբում: Առաջին հաստատությունը, որ մտքովս անցավ, «…Yans»-ն էր: Չէ՞ որ հենց այստեղ են հավաքվում մայրաքաղաքի վերնախավի ներկայացուցիչները, ովքեր լավ ճաշակ ունեն ինչպես երաժշտության, այնպես էլ, վստահ եմ՝ կանանց հարցում, ովքեր գնահատում են գեղեցկությունն ու խելքը:

Սանրվածք արեցի, գեղեցիկ զգեստ հագա, զանգահարեցի լավագույն ընկերուհուս (դեռեւս մենակ գնալ չեմ ցանկանում, իսկ նա տեղյակ է իմ փնտրտուքի մասին):

Մտանք սրահ: Նստեցինք: Նայեցինք մեր շուրջը: Ջազային երեկոն բարձրակետում է: Այս մեկը՝ վիսկիի ընկերակցությամբ նստածը, շատ ծեր է: Մատուցողուհուն կարգադրություններ անող տղամարդը (հավանաբար, ակումբի տերն է կամ տնօրենը) համակրելի է, բայց նրա շուրջն առանց այն էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պակաս չի լինի: Երիտասարդ տղաները եկան աղջիկների ուղեկցությամբ:

Ըմպելով մարտինին եւ սուրճը՝ ընկերուհուս հետ գնացինք մոտակա գարեջրատուն: Ի դեպ, պետք է նրան հավուր պատշաճի գնահատել. թեեւ ամուսնացած է, բայց հանուն իմ խելագար մտադրության ինձ հետ շրջում է քաղաքի հաստատություններով: Ինչպե՞ս է դա բացատրում ամուսնուն, եւ ինչպե՞ս ամուսինը մինչեւ հիմա չի արգելում ինձ հետ հանդիպել՝ չգիտեմ: Սակայն հուսադրող է, որ այդքան մտերիմ մարդ կա կողքիս:

Գարեջրատանը միայն օտարերկրացիներն էին, որոնք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում: Նրանց մենթալիտետը, մտածելակերպն այլ է: Ինձ թվում է՝ նրանց համար սեքսը միայն մեկ գիշերվա համար է: Իսկ ես այդպես չեմ ուզում: Սեր եմ ցանկանում: Մաքուր եւ փոխադարձ:

Իսկ մայրս դեռ ասում էր, որ պետք չէ տանը նստել: Չէ՞ որ արքայազնը դուռը չի ծեծի: Բայց եւ փողոցում նրան չես հանդիպի:

Դուրս եկանք: Մեզ մոտեցան երկու արաբ, առաջարկեցին ծանոթանալ: Բնականաբար, մենք հրաժարվեցինք: Սակայն հասկացող տղաներ դուրս եկան. մեզ համար տաքսի կանգնեցրին:

Գիշերը քնելիս ես արդեն այնքան էլ վստահ չէի ուժերիս: Դե, նաեւ վամպ-կնոջ կերպարն էլ, կարծես, ինձ համար չէ: Բայց պետք է շարունակել: Հակառակ դեպքում ամբողջ կյանքում միայնակ կմնամ…

Լիլիթ



© NEWS.am STYLE