«Խնդրում եմ՝ չվհատվեք, ետ չկանգնեք ձեր ճանապարհից». Հասմիկ Պապյանի կոչը՝ Հանրապետության հրապարակից

15:31   8 մայիսի, 2018

Այսօր Ազգային ժողովում կայացած նիստի ժամանակ 59 կողմ, 49 դեմ ձայներով ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ: Նիստից անմիջապես հետո Փաշինյանը շտապեց Հանրապետության հրապարակ, որտեղ նրան արդեն սպասում էր ժողովուրդը: Վարչապետի կողքին բեմում կանգնած են նաեւ մշակույթի հայտնի գործիչներ: Երեկ համաժողովրդական շարժմանն իրենց աջակցությունը հայտնելու նպատակով Հայաստան են ժամանել հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը, որոնք եւս այս պահին հրապարակում են: Այնտեղ է նաեւ հայ օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, որը բեմում իր ելույթի ժամանակ նշեց.

«Մի քանի շաբաթ առաջ ոչ ոք չէր կարող հավատալ, որ մենք այսօր միասին համախմբված, հաղթանակած կհավաքվենք իր նշանակությունը վերգտած, իր հավատով վերածնված Հայաստանի Հանրապետության հրապարակում եւ այստեղ կտոնենք մեր հաղթանակը: Դուք ստեղծեցիք այդ հեքիաթը եւ այդ հեքիաթին հավատացիք, եւ հայտնվեց այն ասպետը, որը մեզ ազատագրեց եւ վերադարձրեց մեր երկիր-դրախտավայր Հայաստանը: Մենք անելիք շատ ունենք, խնդրում եմ՝ չվհատվեք, ետ չկանգնեք ձեր ճանապարհից: Ձեր ճանապարհն արդար է»:

Երգչուհին նաեւ հիշեց Համո Սահյանի հայտնի տողերը. «Թող Աստված եղածը պահի, եւ հետո ինչ էլ պատահի՝ ձյուներդ հայերեն են լալու, գարունդ հայերեն է գալու, հայերեն են գալու դարերդ»:



© NEWS.am STYLE