42-ամյա Մել Բին եւ նրա 19-ամյա դուստրը փայլել են Լոնդոնում կայացած երեկույթի ժամանակ (ֆոտո)

13:17   10 մայիսի, 2018

Spice Girls խմբի նախկին անդամ Մել Բին, որը հանդիպում է Լոս Անջելեսում հայտնի հայազգի ոճաբան Գարի Մադաթյանի հետ, Hello! ամսագրի երեկույթի ժամանակ բոլորի ուշադրությունը գրավել է իր փայլուն կարճ զգեստով: 42-ամյա երգչուհին Լոնդոնում կայացած միջոցառմանը ներկայացել է դստեր՝ 19-ամյա Ֆոենիքսի հետ: Մայր ու դուստր բառի բուն իմաստով փայլել են երեկոյի ողջ ընթացքում եւ քույրերի տպավորություն են թողել:

Մել Բին նախընտրել է կարճ շրջազգեստով կիպ զգեստ, որը զարդարված է եղել փայլերով եւ գույներով: Իր վառ կերպարը երգչուհին ավելի գունեղ է դարձրել՝ ընտրելով դեղին կոշիկներ:

Մայրիկից հետ չի մնացել նաեւ Ֆոենիքսը, որը նախընտրել է արծաթափայլ զգեստ եւ մոխարագույն ճտքակոշիկներ: Աղջկա  ակնոցներն էլ վկայում են այն մասին, որ նա մայրիկից ժառանգել է յուրահատուկ ոճի զգացողությունը: Մել Բիին, սակայն, երեկույթի ժամանակ չի ուղեկցել բոյֆրենդը՝ Գարին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին հայտարարել էր, որ մտադիր է այցելել Հայաստան: Նա իր Instagram-ում տեղադրել էր Հանրապետության հրապարակի հանրահավաքից մի լուսանկար եւ այն մեկնաբանել հետեւյալ կերպ.

«Աստված իմ, սիրում եմ իմ հայերին: Չեմ համբերում, թե ինչպես եմ մայիսին գալու Հայաստան»:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝GC Images, Bob Grey/Backgrid, Glaytons/WENN.com, Hewit/SilverHub/REX/Shutterstock



© NEWS.am STYLE