«Ոսկե դպրոց»-ի դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը՝ ծննդյան 22-ամյակի ու հայտնի հյուրերի մասին (ֆոտո)

20:05   10 մայիսի, 2018

«Ոսկե դպրոց» սիթքոմի դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը երեկ՝ մայիսի 9-ին, նշում էր ծննդյան 22-ամյակը: Իր կյանքի կարեւորագույն օրվա խնջույքի լուսանկարները Իլոնան տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ պատմել ծննդյան օրվա անակնկալների, հայտնի հյուրերի եւ երազանքի մասին:

«Առաջինն ինձ շնորհավորել է քույրս, հետո արդեն կեսգիշերից սկսած ինձ շատ հարազատ մարդիկ են շնորհավորել, ընկերներս անակնկալ եկել էին մեր բակ: Անակնկալներն իրոք շատ էին, չեմ կարող առանձնացնել, թե ում շնորհավորանքն էր ամենայուրահատուկը, որովհետեւ բոլոր իմ մտերիմներն ինձ ճանաչելով գիտեին, թե ինչպես պետք է շնորհավորեին, ինչ խոսքեր ասեին, ու բոլորը մեկը մյուսին լրացնում էին»,-ասում է Իլոնան, որը դժվարացավ նաեւ առանձնացնել երեկ ստացած ամենայուրահատուկ նվերը:

«Նվերներս մեկը մյուսից լավն են, կրկին չեմ կարող առանձնացնել ինչ-որ մեկը… Հաճելի էր ստանալ նաեւ ծաղիկներ, ամեն ինչ իդեալական էր…»:

Ինչպես շատ աղջիկներ՝ Իլոնան եւս խուսափում է մեծանալուց, սակայն ծննդյան տոները սիրում է.

«Ես էլ չեմ ցանկանում մեծանալ, որովհետեւ այս տարիքն ինձ համար ամենալավն է, բայց ծննդյանս օրն ինձ համար ամենասիրելին է: իրոք երջանիկ եմ, որ ծնվել եմ: Այս օրը չառանձնացնել ուղղակի չեմ կարող: Շատ ուրախ եմ, որ հենց մայիսի 9-ին եմ ծնվել, որովհետեւ բացի ինձանից՝ այդ օրը բոլորն են նշում եւ բոլորը երջանիկ են»:

Դերասանուհին նաեւ մանրամասներ ներկայացրեց ծննդյան օրվա խնջույքից.

«Ծննդյանս օրը նշել եմ ժամանցային վայրերից մեկում՝ արեւելյան մոտիվներով: Օրն իրոք տպավորիչ էր ու հիշարժան՝ թե ինձ համար, թե ընկերներիս: Հայտնի ընկերներիցս ներկա էին Վաչե Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Մհեր Մխիթարյանը, Բոնին, Գոշը, մի խոսքով՝ բոլոր ընկերներս…»:

Խոսելով իր երազանքների մասին՝ Իլոնան նշեց.

«Սիրում եմ երազել, բայց երազանքներ չունեմ: Ամեն ցանկություն ինձ համար, վաղ թե ուշ, իրականություն է դառնում: Իսկ մոմերը փչելիս ուղղակի ցանկացել եմ, որ միշտ այդ պահի նման երջանիկ լինեմ՝ թե ես, թե բոլորը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE