«Պետք է աշխարհին ներկայանանք որպես գինի արտադրող երկիր». Երեւանում մեկնարկել են Գինու օրերը (ֆոտո/վիդեո)

22:41   11 մայիսի, 2018

Այսօր՝ մայիսի 11-ին, Երեւանում մեկնարկեց «Երեւանի գինու օրեր» խորագով միջոցառումը, որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում: Սարյան փողոցն այսօր փակ էր՝ հատուկ գինու սիրահարների համար: Փողոցի երկայնքով տեղադրված էին գինի արտադրող ընկերությունների եւ համեղ խորտիկների տաղավարներ:

Միջոցառման կազմակերպիչ «Էվենտտուրա» ընկերության տնօրեն Մերի Բադալյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնի նպատակը մեր երկրում տուրիզմի զարգացումն է.

«Վաղուց նկատվում է մի տենդենց, որ զբոսաշրջիկը ոչ միայն մշակութային կոթողներ տեսնելու համար է այցելում երկիր, այլեւ որեւէ իրադարձության մասնակցելու: Զարգանում է նաեւ իրադարձային տուրիզմը, դրա համար էլ Հայաստանն իր փառատոններով պետք է կարողանա գրավել զբոսաշրջիկներին: Մենք պիտի աշխարհին ներկայանանք որպես գինի արտադրող երկիր: Թե անցած տարի, թե այս տարի գինի արտադրող ընկերությունների թիվը նույնն է՝ 25-26, ավելացել է տաղավարների քանակը: Կային եւս մի քանի ընկերություններ, որոնց չկարողացանք ներառել՝ տեղի սահմանափակ լինելու պատճառով»,-նշեց նա՝ հավելելով, որ փառատոնը կրելու է ամենամյա բնույթ:

NEWS.am STYLE-ը ֆիքսել է միջոցառման ամենահետաքրքիր պահերը: Դրանց կարող եք հետեւել մեր պատրաստած տեսանյութերի եւ լուսանկարների միջոցով:

Նշենք, որ միջոցառումը կշարունակվի վաղը՝ մայիսի 12-ին, 18:00-ից սկսած:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE