«Դեռ ուշ չէ ինձ հարսանիքին հրավիրելու համար». Մեգան Մարքլի եղբայրը ներողություն է խնդրել

15:25   12 մայիսի, 2018

Մեգան Մարքլի եղբայրը՝ Թոմաս Մարքլ Կրտսերը, բաց նամակ է գրել քրոջը՝ խնդրելով նրան հրավիրել իր եւ արքայազն Հարիի հարսանիքին:

Թոմասը նամակը գրել է մայիսի 3-ին: Նա խնդրել է, որ Մեգանը լավ մտածի, եւ հարսանիքին հրավիրի ոչ միայն իրեն, այլեւ իրենց ամբողջ ընտանինքին.

«Մեգ, ես գիտեմ, որ կատարյալ չեմ: Այդպիսին չէ մեր ընտանիքից ոչ ոք: Բայց լավ, թե վատ, մենք ենք քո միակ ընտանիքը:  Ինձ ցավ է պատճառում այն փաստը, որ ես եւ մեր ընտանիքի մյուս անդամները հրավիրված չենք քո հարսանիքին: Էլ չասեմ, թե որքան երկար ժամանակ է՝ մենք հանդիպելու առիթ չենք ունեցել, սա հրաշալի առիթ կհանդիսանա»,-ասվում է նամակում:

Մեգանի 51-ամյա եղբայրը նաեւ հավելել է, որ հպարտանում է իրենով եւ երկար ու երջանիկ ապագա է մաղթում արքայազն Հարիի հետ: Բացի այդ՝ Թոմասը ներողություն է խնդրել Մեգանից այն բանի համար, որ նախորդ իր նամակում հորդորել էր արքայազն Հարիին չամուսնանալ Մեգանի հետ՝ նշելով, որ նա իրեն արժանի չէ:

Մեգանի եւ Հարիի հարսանիքը տեղի կունենա մայիսի 19-ին: Մինչ այդ մամուլը շարունակում է նոր բացահայտումներ անել արքայական հարսնացուի վերաբերյալ: Այսպես օրինակ՝ երեկ The Sun պարբերականը գրել է, որ արքայազն Հարիի հարսնացուն սիրավեպ է ունեցել մոդել, դերասան Սայմոն Ռեքսի հետ:

Հատկանշական է, որ Ռեքսն իր կարիերայի սկզբում նկարահանվել է նույնասեռականների պոռնո ֆիլմերում:

Ըստ պարբերականի տվյալների՝ Մեգանն ու Սայմոնը սկսել են հանդիպել 2004 թվականին: Նրանք ծանոթացել են սիթքոմի նկարահանումների ժամանակ: Մեգանը 22 տարեկան է եղել: Հայտնի չէ, սակայն, թե զույգի սիրավեպը որքան է տեւել:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Daily Mail, In Touch, Getty



© NEWS.am STYLE