Exclusive. Հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանը՝ Թանկյանի հետ Հայաստան գալու եւ Քրիստիան Բեյլի ու Ստալոնեի հետ նոր նախագծերի մասին

12:21   15 մայիսի, 2018

«Էվակուացիա» (Extraction), «Խոստումը» (The Promise), «Ֆորսաժ 7» (Furious 7), «Գիշերային հերթափոխ» (The Night Shift), «Առանց հետք» (Without A Trace), «Կարիճը» (Scorpion) եւ մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերից ու հեռուստասերիալներից հայտնի դերասան Ռոման Միտիչյանը, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին,  օրերս Հայաստանում էր: Նա հայրենիք էր ժամանել ընկերոջ՝ Սերժ Թանկյանի հետ՝ մասնակցելու համաժողովրդական շարժմանը: Ռոմանը հայրենիքում մնացել է մեկ շաբաթ, խիտ գրաֆիկի պատճառով չի հասցրել շատ բան տեսնել, նույնիսկ, նկարահանուների եւ հարցազրույցների ժամանակ չի ունեցել, սակայն NEWS.am STYLE-ի հարցերին դերասանը պատասխանեց հենց օդանավակայանից:

Ռոմանը մեզ պատմեց, թե ինչպես Թանկյանի հետ ժամանեցին Հայաստան, ինչ հետաքրքիր դեպքեր են եղել օդանավակայանում եւ ինչ են զգացել, երբ ինքնաթիռից իջնելուն պես՝ նրանց դիմավորել են Փաշինյանն ու բազմաթիվ հայեր: Դերասանը նաեւ խոսել է իր մասնակցությամբ նոր ֆիլմերի մասին, որտեղ նրա խաղընկերները հոլիվուդյան հայտնի դերասաններ Քրիստիան Բեյլն ու Սիլվեստր Ստալոնեն են:

Խոսելով համաժողովրդական շարժման ու ժողովրդի հաջողության մասին՝ դերասանն ասում է.

«Նիկոլ Փաշինյանի սկսած շարժման հենց առաջին օրվանից ես հավատում էի, որ նա այլ մոտեցում է ցուցաբերում հարցին: Սակայն չեմ մեղադրում թերահավատ մարդկանց, քանի որ ժողովուրդը շատ է անցել նման բաների միջով, սակայն չի կարողացել ազատվել այդ բռնապետներից: Երբ Նիկոլ Փաշինյանը Երեւան հրավիրեց ինձ եւ իմ լավ ընկերոջը՝ Սերժ Թանկյանին, ես հասկացա, որ սա ավելին է, քան հեղափոխություն, սա մեր Նոր Հայաստանի լուսավոր ապագան է: Գիտեմ, որ սա միայն սկիզբն է եւ դժվարություններ կլինեն, բայց Փաշինյանը շատ փորձառու ու պատրաստ է: Ես համոզված եմ, որ մենք կտեսնենք Նոր Հայաստանը: Ի դեպ, հուլիսին վերադառնալու եմ եւ վստահ եմ՝ կտեսնեմ շատ փոփոխություններ»:

Ռոմանը նաեւ պատմեց, թե ինչպես ստացվեց, որ ինքն ու Թանկյանը Հայաստան ժամանեցին հենց նույն օրը, եւ թե ինչ զգացին օդանավակայանում.

«Ես եւ Սերժը պարբերաբար շփվում էինք հեռախոսով, քննարկումներ էինք անում եւ օրը 24 ժամ արթուն հետեւում էինք մեր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ ամենը տեսնելը շատ հուզիչ ու դժվար էր, բայց ես նաեւ գիտեի, որ մարդիկ այլ տարբերակ չունեին: Այդ ընթացքում, ցավոք, ես եւ Թանկյանը հիվանդացանք եւ բարձր ջերմություն ունեինք, բայց ուրախ ենք, որ կարողացանք ի վերջո գալ ու միանալ մեր ժողովրդին եւ տեսնել այն, ինչ նրանք ցանկանում էին տեսնել՝ Նոր Հայաստանը»,-ասում է դերասանը, որը վերջին անգամ Հայաստանում եղել էր 2016 թ-ին:

Ռոմանը նաեւ բացահայտեց, թե ինչ հետաքրքիր դեպք է եղել թռիչքի ընթացքում:

«Սկսենք նրանից, որ Լոս Անջելեսի օդանավակայանում այնքան շատ հայերի հանդիպեցինք, որոնք պատրաստվում էին գալ Հայաստան: Ես տեսա, թե ինչպես էին մարդիկ ուրախանում՝ տեսնելով մեր տաղադավոր Թանկյանին: Երբ նստեցինք ինքնաթիռ, մի կին կանգնեց ու սկսեց երգել Հայաստանի հիմնը, նրան հետեւեցին ինքնաթիռի մյուս ուղեւորները, որոնք այնքան ուրախ էին այդ պահին: Հետո մեզ դիմավորեց անձամբ Նիկոլ Փաշինյանը, եւ մենք դրսում տեսանք շատ մարդկանց, որոնց հետ միասին սկսեցինք քայլել: Դա ինձ համար գերագույն հաճույք էր, եւ ես այդ ժամանակ անձամբ տեսա ու զգացի հաղթանակը: Մի բան է, երբ նայում ես այդ ամենը հեռուստացույցով կամ համակարգչով, բայց դրան անձամբ ներկա լինելը լրիվ ուրիշ բան է: Այդ պահը ես կհիշեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում»:

Դե, իհարկե զրուցել հոլիվուդյան մեր հայրենակցի հետ եւ չխոսել նրա առաջիկա ծրագրերից ու աստղային նոր համագործակցություններից, չէինք կարող.

«Ես կցանկանայի ստեղծել մի ֆիլմ, որը հեռուստակամուրջ կծառայի Հոլիվուդի եւ Հայաստանի միջեւ: Կարծում եմ՝ Հայաստանում հրաշալի վայրեր կան եւ ես մեծ հաճույքով կցանկանայի օգնել մեր տաղանդներին, որ հասնեն ավելի բարձր մակարդակի, որպեսզի աշխարհն ավելի շատ բան իմանա Հայաստանի մասին»,-ասում է Ռոմանը.

Ինչ վերաբերում է նրա մասնակցությամբ Հոլիվուդյան նոր նախագծերին՝ դրանցից շատերն արդեն պատրաստ են:

«Արդեն ավարտվել են Դիք Չենիի մասին պատմող նոր սուր կատակերգության աշխատանքները, որի գլխավոր դերում Քրիստիան Բեյլն է. սա երկրորդ ֆիլմ ն է, որի շրջանակում աշխատում եմ նրա հետ: Ֆիլմում ներառված են նաեւ այլ հրաշալի դերասաններ, իսկ ռեժիսորը տաղանդավոր Ադամ ՄքՔեյն է: Էլի կան ֆիլմեր, որոնցում ինձ կտեսնեք. դրանցից մեկը «Փախուստի ծրագիր 2» (Escape Plan 2)-ն է, որտեղ նկարահանվել են Սիլվեստր Ստալոնեն եւ Դեյվ Բատիստան: Մեկ այլ նախագիծ էլ կա Ջեյմի Ֆոքսի հետ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ռոման Միտիչյանը



© NEWS.am STYLE