Հայ դիզայներների հավաքածուն ցուցադրվել է Արաբական նորաձեւության շաբաթվա ընթացքում

18:04   17 մայիսի, 2018

Մայիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Դուբայում կայացել է Արաբական նորաձեւության շաբաթը, որի շրջանակում իր հավաքածուն է ներկայացրել նաեւ հայկական Harmony Yerevan բրենդը:

Arab News-ը հայկական բրենդի հավաքածուն նկարագրել է՝ որպես նորամուծություն, որը ստեղծված է հատուկ դեպքերի համար: Պարբերականին տված հարցազրույցում բրենդի հիմնադիր Լիլիթ Տոնականյանը նշել է, որ հավաքածուն ստեղծելիս իր գործընկերոջ՝ դիզայներ Միքայել Դանիելյանի հետ ոգեշնչվել են մետաղադրամներից, նաեւ հավելել, որ դիզայնի մեջ տեսանելի են իրենց տարիների աշխատանքի պտուղները:

Բրենդը հայտնի է իր գեղեցիկ ձեռքի աշխատանքներով եւ բնական նյութերի նախապատվությամբ, ինչպիսիք են՝ կաշին եւ մետաքսը: Բրենդի ցանկացած կրող կարող է համոզված լինել, որ աշխարհում ոչ մի երկրորդ կին չունի իր զգեստից, քանի որ յուրաքանչյուր զգեստ ստեղծվում է եզակի նմուշով:

Խոսելով ամենաիդեալական կանացի սիլուետների մասին՝ Տոնականյանը ասել է, որ հաճախ ոգեշնչվում է Քրիստիան Դիորի նմուշներից, նաեւ նշել է Yamamoto-ին, Vera Wang-ին եւ Karl Lagerfeld-ին:

Harmony Yerevan բրենդի հիմնադիրը նաեւ հավելել է, որ որքան էլ կանայք խոսեն տղամարդկանց հետ հավասարության մասին, նրանք չեն ցանկանում տեսքով էլ նմանվել տղամարդկանց:

«Կանայք կարող են միեւնույն ժամանակ լինել եւ առաջադեմ եւ կանացի»,-ասել է նա;

Աղբյուրը՝ Msn.com

Լուսանկարները՝ Harmony Yerevan-ի Facebook-ի էջից եւ Arab News-ի



© NEWS.am STYLE