Նորաձեւության փորձագետի խորհուրդները. «շամբալա» - գարուն-ամառ 2013-ի նորաձեւ աքսեսուար (ֆոտո)

19:03   16 մայիսի, 2013

«Շամբալա» ապարանջանն աքսեսուարների ամենահին տեսակներից է, որի հեղինակները համարվում են Տիբեթի վանականները: «Շամբալա»-ները, որպես կանոն, պատրաստվում են բնական քարերից: Այս զարմանալի եւ յուրօրինակ աքսեսուարը կարող է հրաշալի լրացում դառնալ ցանկացած ոճի հագուստի համար: NEWS.am STYLE-ը դիմել է Ra Belle Di Zayn-ի հեղինակ Ռայա Ռաֆայելյանին՝ պարզելու, թե ինչպիսի «շամբալա» ապարանջաններ են նորաձեւ գարուն-ամառ 2013-ին:

«Մեծ կարեւորություն ունի այն, թե ինչ քար կընտրեք: Չէ՞ որ յուրաքանչյուր քար իր պատմությունն ու էներգետիկան ունի: Իհարկե, դժվար է չշփոթվել քարերի բազմազանությունից: Այդ ոչ դյուրին հարցում կօգնի ձեր հորոսկոպը: Աստղակերպի յուրաքանչյուր նշան իր քարն ունի: Ինչ վերաբերում է այս սեզոնին նորաձեւ համարվող ապարանջաններին, ապա չի կարելի մոռանալ վառ գույների, վառ քարերի մասին»,- ընդգծեց Ռայա Ռաֆայելյանը:

Ագաթ – քար, որը հռետորական տաղանդ է պարգեւում: Այն կարող է պաշտպանել նախանձից եւ չարախոսությունից:

 

Սաթ – սա արեւի կտոր է, որը լի է բժշկող հատկություններով: Այն կարող է բուժել իր մեծ էներգետիկայի օգնությամբ:

 

Ավանտյուրին – հաջողության քար: Այն կրողը Ճակատագրի իսկական սիրելին է:

 

Կառնեոլ – սաթից ավելի հզոր քար: Այն վերականգնում է նյութափոխանակությունը եւ բարձրացնում դիմադրողականությունը:

 

Մեղեսիկ – զարմանալի քար, որը կօգնի ազատվել պեպեններից եւ նույնիսկ կնճիռներից: Համարվում էր, որ կանոնավոր կերպով պեպեններն ու կնճիռները այս քարով տրորելու դեպքում որոշ ժամանակ անց դրանք կանհետանան:

 

Մարգարիտ – այն կապված է ամուսնության հետ: Կարող է ամրացնել ընտանիքը եւ խաղաղություն բերել:

Եվա Մակվեցյան



© NEWS.am STYLE