Իրինա Ալեգրովային խաբել են՝ նրանից յուրացնելով տասը միլիոն ռուբլի  

15:28   21 մայիսի, 2018

Պրոմոութերների տվյալներով՝ երգչուհին մեկ  համերգի համար ստանում է մոտ 70 հազար եվրո (մոտ 5 մլն ռուբլի)։ Բայց նույնիսկ նրա համար 10 մլն ռուբլու կորուստը զգալի է։ Մինչդեռ հենց այդքան գումար էր նա մտադիր ներդնել մերձմոսկովյան Միլորադովո թաղամասում առանձնատան շինարարության մեջ։ Բայց արդյունքում, նա մնացել է առանց փողի ու առանց ամառանոցի։ Բանն այն է, որ Վլադիմիր Դենիսովը, ով պետք է կազմակերպեր այդ շինարարությունը ու ստացել էր դրա համար կանխավճար, անընդհատ ձգձգում էր աշխատանքները։ Երգչուհին խզել էր պայմանագիրը ու խնդրել վերադարձնել 10 մլն ռուբլին։

Բայց Դենիսովը մահացել էր, իսկ փողն՝ անհետացել։ Ըստ շրջանառող լուրերի՝ նա Ալեգրովայի գումարը բիզնեսի մեջ էր ներդրել, բայց բիզնեսը ձախողել էր։ Դրա համար էլ երգչուհին դատի էր տվել։

«Պարտքերը ժառանգաբար բաժին են հասել Դենիսովի այրուն։ Երգչուհուն դեռ ընդամենը 100 հազար են վերադարձրել, այն էլ ՝ երկու տարի անց։ Մնացել է ևս 9․3 մլն»,- մեջբերում է երգչուհու փաստաբանին Starhit-ը։

Բայց այրին չի շտապում մարել պարտքերը ու ասում է, որ ինքը փող չունի։ Չնայած ամուսնու մահից հետո նրան բաժին է հասել բնակելի տուն՝ 11 մլն ռուբլի արժողությամբ, 7 մլն ռուբլի արժողությամբ հողատարածք ու մի քանի թանկարժեք մեքենա։ Սակայն, այրին դեռ չի շտապում ստանձնել իր ժառանգական իրավունքները։ Նա համարում է, որ եթե այդպես անի՝ տունը աճուրդի կդրվի  ու ինքը փողոցում կմնա։ Դրա համար էլ նա անում է ամեն ինչ, որպեսզի ըստ փաստաթղթերի սնանկ համարվի։ Երգչուհին նույնպես մտադիր չէ հանձնվել։ Նա վարձակալել է լավագույն փաստաբաններին, որպեսզի վերադարձնի այն գումարները, որոնք իրենից վերցրել էր հանգուցյալ գործարարը։

 



© NEWS.am STYLE