Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի էմոցիոնալ կտավներն ու ցուցահանդեսի հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

19:05   21 մայիսի, 2018

«Ամեն մի նկար մի օրվա պատմություն է, որն ունի իր կյանքը»,-ասում է գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը, որն այսօր՝ մայսի 21-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացրեց իր կտավներից 19-ը, որոնք արտահայտում են տարբեր իրավիճակներ ու էմոցիաներ:

Գեղանկարչի ցուցահանդեսը կայացավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ու Պարենի համաշխարհային ծրագրի ջանքերով: Այն նվիրված է մայիսի 21-ին նշվող՝ Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան:

«Քանի որ սրահը շատ մեծ չէ, ցուցադրել ենք 19 կտավ: Դրանք բոլորն իմ հոգու գույներն են, իմ զգացողություններն են, որոնք տվյալ պահի էմոցիաներ են: Աբստրակտ նկարչությունն այդպիսին է՝ երեւակայություն: Նկարներն ավելի շատ երեխաներ են ինձ համար, քան կտավներ: Եթե իմ կտավները դիտողներին որեւէ դրական էներգիա փոխանցեն, ես ինձ երջանիկ կզգամ»,-ասում է նկարիչը, որը մտադիր է աշխատանքները ցուցադրել նաեւ Հայաստանից դուրս:

«Ծրագրում կան մի քանի ցուցահանդեսներ: Սեպտեմբերին երկու ցուցահանդես կլինի, մեկը՝ Լյուքսենբուրգում, մյուսը՝ Ֆրանսիայի Լիր քաղաքում: Հունիսին եւս կփորձեմ մասնակցել եվրոպական ցուցահանդեսների»:

Դավիթի անհատական ցուցահանդեսին ներկա էին ինչպես արվեստի սիրահարներ, այնպես էլ մշակույթի գործիչներ, նրանց թվում էին դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանն ու դերասանուհի-հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանը:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 31-ը:

Ինչ վերաբերում է երիտասարդ նկարչին՝ նա ծնվել է Կապանում՝ արվեստագետի ընտանիքում: 2015թ-ին ավարտել է Գեղարվեստի ազգային ակադեմիան: 2004-2008թթ. մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հնդկաստանում, Լեհաստանում եւ Ղրղզստանում, որտեղ արժանացել է հատուկ մրցանակի:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE