«Երբ ինձ ասում են «ոչ», ես այլ ճանապարհներ եմ փնտրում դեպի «այո»-ն». Նաոմի Քեմփբելը նշում է 48-ամյակը

14:11   22 մայիսի, 2018

Այսօր ծննդյան 48-ամյակն է նշում երկրագնդի ամենաճանաչված եւ պահանջված սուպերմոդելներից մեկը` «Սեւ հովազ» մականվամբ հայտնի Նաոմի Քեմփբելը:

Քեմփբելն արդեն 20 տարուց ավել է, ինչ մոդելային բիզնեսում է: Նա առաջին սեւամորթ մոդելն էր, որը հայտնվեց անգլիական Vogue եւ Time ամսագրերի շապիկներին:

Պատանեկության տարիներին Նաոմին չէր էլ մտածում մոդելային կարիերայի մասին: Նա երազում էր դառնալ դերասանուհի: Ապագա մոդելը սովորել է Լոնդոնի բեմական արվեստի ուսումնարանում:

Բացի հեղինակավոր ամսագրերի շապիկներից` Նաոմին նկարահանվել է նաեւ տարբեր երաժշտական հոլովակներում եւ ֆիլմերում: Նա որպես ժյուրի հանդես է եկել The Face շոուում, որի նպատակն էր բացահայտել տաղանդավոր մոդելներին:

Չնայած մոդելային բիզնեսի համար հասուն տարիքին` Նաոմին շարունակում է փայլել ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին եւ մասնակցել անվանի դիզայներների ցուցադրություններին:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հմայիչ մոդելի հայտնի մեջբերումներից մի քանիսը:

                                                               

«Ես սիրում եմ «կերպարանափոխում», «նորամուծություն» եւ «քամելեոն» բառերը, քանի որ չեմ սիրում «կանխատեսելի» բառը»:

«Երեխաները մեր ապագան են: Մենք պետք է մաքսիմալ ձեւով խնամենք նրանց»:

«Ես երբեք դիետա չեմ պահում: Ես ծխում եմ եւ երբեք չեմ մարզվում»:

«Արդեն երկար տարիներ է՝ ես այս ասպարեզում եմ: Մարդիկ երեւի ինչ-որ բան են տեսնում իմ մեջ, հակառակ դեպքում՝ ես վաղուց իմ տեղում չէի լինի»:

«Մարդը մարդ է դառնում, երբ ընդունում է ինքն իրեն եւ ապրում սեփական կյանքով»:

«Ես չեմ վախենում թվերից: Ինձ համար մեծանալը նորմալ երեւույթ է»:

«Յուրաքանչյուրն էլ ունենում է բարկության պահեր: Բարկությունն էմոցիա է»:

«Չեմ կարծում, թե ես հենց գեղեցիկ եմ ծնվել: Ես ծնվել եմ այնպիսին, ինչպիսին կամ»:

«Ես իսկապես շատ եմ աշխատում ու արժանի եմ իմ ստացած ցանկացած ցենտին»:

«Ես համա՞ռ եմ: Այո՛: Ես չեմ սիրում պարտվել, եւ երբ ինձ ասում են «ոչ», ես այլ ճանապարհներ եմ փնտրում դեպի «այո»-ն»:

Լուսանկարները՝ Նաոմի Քեմփբելի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE