Շարլ Ազնավուրը հետաձգել է համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման ամսաթիվը

16:10   22 մայիսի, 2018

Այսօր Շարլ Ազնավուրը տոնում է իր 94-րդ տարեդարձը։ Ի դեպ, բոլորիդ հրավիրում ենք Երևանում Ազնավուրի հրապարակ, որտեղ անկրկնելի Հայկ Պետրոսյանը ու բազմաթիվ այլ արտիստներ շնորհավորելու են մեծանուն շանսոնյեին։ Իսկ մինչ այդ, մենք Ձեզ հայտնում ենք, ավելի ճիշտ AFP-ն է հայտնում, իսկ մենք ընդամենը փոխանցում ենք, որ արտիստն առողջական վիճակի կապակցությամբ հետաձգել է իր համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման օրը մինչև հունիսի 30-ը։ Բժիշկները նրան խորհուրդ են տվել որոշ ժամանակ բեմ դուրս չգալ ու շարունակել բուժումը։

Ազնավուրը ստիպված է հրաժարվել Մոնակոյում իր ելույթից, որը ծրագրված էր հունիսի 5-ին, մասնակցությունը՝ Ֆրանսիայում «Ալունա» փառատոնին հունիսի 16-ին ու համերգն Իտալիայում՝ հունիսի 23-ին։

Ակնկալվում է, որ երգիչը բեմ կվերադառնա հունիսի 30-ին, նա այդ օրը համերգ ունի ծրագրված Լոնդոնում։ Դրանից հետո նա կշարունակի շրջագայությունը դեպի Իսպանիա, Գերմանիա, Խորվաթիա, Ճապոնիա, Ուկրաինա, Բելգիա ու Ֆրանսիայի մի շարք քաղաքներ։

Մայիսի 12-ին Ազնավուրն իր առանձնատանը, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում, ընկել է, կոտրել ձախ ուսի ոսկորը, ինչի հետևանքով նրան գիպս են դրել։ Վնասվածքի պատճառով շանսոնյեն ստիպված է եղել անորոշ ժամկետով հետաձգել մայիսին ծրագրված համերգները՝ Ճապոնիայում եւ Ուզբեկստանում։



© NEWS.am STYLE