Հայ աղջիկները պատրաստ են մասնակցել Elit Model Look մրցույթի ընտրական երկրորդ փուլին

21:55   26 հոկտեմբերի, 2012

Մնացել է մեկ օր, մեկ քայլ, երբ հայտնի կդառնա Elit Model Look մրցույթի հաղթողի անունը: Իսկ այժմ փորձենք ավելի լավ ճանաչել մասնակից հայ աղջիկներին: Նրանք ընդամենը հինգն են` Նելլի Սայադյան, Արփինե Հարությունյան, Վալենտինա Հայկունց, Ալիսա Սահակյան: Ներկայումս աղջիկները գտնվում են Թբիլիսիում, որտեղ ջանադրաբար աշխատում են, պարապում ու պատրաստվում երկրորդ ընտրական փուլին: Բայց նրանք ժամանակ գտան պատասխանել NEWS.am STYLE-ի լրագրողի հարցերին:

Աղջիկների պատասխաններից կարելի է դատել, որ նրանք պատրաստ են մրցույթին: «Ես այս ոլորտում արդեն մեկ տարի եմ ու տեսնելով այս գեղեցիկ աղջիկներին, հասկանում եմ, որ դժվար է լինելու, բայց ես ինքնավստահ եմ ու համոզված, որ ունեմ բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պահանջում են մրցույթի կազմակերպիչները»,-նշեց Նելլին:

Նման անկաշկանդ ու խիզախ պատասխան տվեց նաեւ Արփինեն. «Հաղթանակի շանսեր ունեն բոլոր մասնակիցները, ուստի ես նույնպես հավատում եմ հաջողության հասնելու հնարավորությանը»: Սակայն աղջիկները չեն թերագնահատում իրենց հակառակորդներին: Վալենտինա Հայկունցի խոսքով, «բոլորն ունեն իրենց յուրահատուկ գեղեցկությունը», իսկ Ալիսան ավելի գեղարվեստորեն բնութագրեց իր հակառակորդներին ու հիացմունքը չթաքցնելով ասաց, որ նրանք բոլորն էլ հրաշալի են:

Մեր աղջիկներն արդեն ընկերացել են ու դա բնական է: Չե որ նրանք միասին հաղթահարել են դժվարություններ, հուզումնալից ապրումներ: Տուր-օպերատոր Անուշ Սահակյանը նշեց, որ ինքը շատ մարդամոտ է ու սիրում է նոր մարդկանց հետ ծանոթանալ ու ընկերանալ:
Դե ինչ, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել մեր գեղեցկուհիներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, երեկոյան հայտնի կդառնա այն հայուհու անունը, ով  կներկայացնի Հայաստանը Շանհայում կայանալիք մրցույթում:



© NEWS.am STYLE