Աստղիկ Սաֆարյանը՝ ադրբեջանցի հաքերների պատճառով կրած վնասի ու Instagram-ի էջը վերականգնելու փորձերի մասին

13:05   23 մայիսի, 2018

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են երգչուհի Աստղիկ Սաֆարյանի Instagram-ի էջը: Նրանք փոխել էին Աստղիկի էջի անունն ու ջնջել լուսանկարների մեծ մասն ու հետեւիորդներից շատերին: Իսկ այսօր էջն ընդհանրապես չի գործում: NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ՝ փորձելով պարզել, թե ինչ աշխատանքներ է անում էջը վերականգնելու համար եւ ինչ վնասներ է կրել հաքերների պատճառով:

Նախ՝ նա պատմեց, թե ինչպես է բացահայտել, որ էջը կոտրվել է.

«Անմիջապես Facebook-ից զգուշացում ստացա, որ էջս կոտրելու փորձ է արվում եւ միանգամից ստուգեցի Instagram-ի էջս, բայց արդեն ուշ էր… Նրանք կարողացել էին կոտրել գաղտնաբառս եւ, նույնիսկ, էլեկտրոնային փոստի հասցես: Հետո սկսեցին ջնջել տեղադրված լուսանկարներս ու տեսանյութերս, ջնջել են նաեւ 28.000 հետեւորդների»,-ասում է Աստղիկը, որն, իհարկե, քայլեր ձեռնարկում է էջը վերականգնելու համար.

«Բայց Instagram-ից արագ արձագանք չենք ստանում, ինչը շատ վատ է: Այժմ էջս չի գործում. փակվել է կամ Instagram-ի, կամ այն կոտրած ադրբեջանցիների կողմից: Եթե այսպես անպատասխան մնան ջանքերս, ստիպված կլինեմ նոր էջ բացել: Պարզապես, շատ ցավում եմ, քանի որ այն գործում էր 2009 թ-ից եւ այնտեղ համակարգված էին իմ տարիների աշխատանքի արդյունքները: Մոտ տասը տարվա աշխատանքիս արդյունքն ընդամենը 20 րոպեում պարզապես զրոյացվեց: Բացի դրանից՝ համաշխարհային շատ ընկերությունների հետ ունեի գովազդային պայմանավորվածություններ, որոնք պետք է իրականացնեի հենց Instagram-ի էջիս միջոցով: Ցավալի է ուղղակի…»:

Վերջին շրջանում շատ հայ հայտնիներ են տուժել ադրբեջանցի հաքերների պատճառով, որոնք արդեն հասցրել են կոտրել Էրիկ Կարապետյանի, Ռաֆայել Երանոսյանի, Շուշաննա Թովմասյանի եւ Նազենի Հովհաննիսյանի, Եվա Ռիվասի, Սիլվա Հակոբյանի էջերը: Բարեբախտաբար, նրանք կարողացել են վերականգնել դրանք: Աստղիկն էլ խորհուրդի համար դիմել է հայտնի գործընկերներին, ովքեր կարողացել են հաղթել թշնամուն վիրտուալ տիրույթում.

«Երեկ եւ այսօր անընդհատ խոսում եմ Էրիկ Կարապետյանի հետ, որի էջը վերջերս էին կոտրել: Նա, իհարկե, ամեն ինչ անում է, որ օգտակար լինի: Նաեւ երկրպագուներս են իրենց փորձով կիսվում՝ Facebook-ում նամակներ ուղարկելով: Բայց դեռ Instagram-ի պատասխանին եմ սպասում, որպեսզի կարգավորումներ ուղարկեն, թե ինչպես վերականգնել էջը: Չգիտեմ՝ ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն հայ արտիստը, հավանաբար հետեւորդների շատ քանակի համար, որպեսզի կարողանան այդ էջով վարկաբեկող նամակներ ուղարկեն եւ գրառումներ անեն Հայաստանի ու հայերի մասին: Չգիտեմ՝ ինչի համար են արվում նման բաներ, բայց ցավալի է: Հուսով եմ՝ կկարողանանք վերականգնել էջս, իսկ եթե ոչ, ստիպված նորը կբացենք: Հուսով եմ՝ երկրպագուներս ինձ կաջակցեն եւ կլինեն ինձ հետ»:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Աստղիկ Սաֆարյանի Facebook-ի էջից


© NEWS.am STYLE