«Պարն ամենից համամարդկային լեզուն է». իտալա-ֆրանսիական պարուսույց Կլոտիլդ Տիրադրիտտիի հարցազրույցը NEWS.am STYLE-ին

20:20   15 մայիսի, 2013

Իտալա-ֆրանսիական պարուսույց Կլոտիլդ Տիրադրիտտիի անունը լայնորեն հայտնի է Եվրոպայի արտիստական աշխարհում եւ դրա սահմաններից դուրս: Խորեոգրաֆիկ կրթությունը Տիրադրիտտին ստացել է Փարիզում, սակայն դասական եւ ժամանակակից պարերի հանդեպ կիրքն արթնացել է Իտալիայում: 2001 թվականին Կլոտիլդը հիմնել է սեփական պարի ստուդիան՝ Heliotropion անվանումով: Տիրադրիտտին մշտապես նոր վայրերի փնտրտուքի մեջ է, որտեղ հնարավոր է զարգացնել արվեստի տարատեսակ ձեւերը՝ լինի երգեցողություն, կրկես, պար կամ թատրոն: Վերջերս Կլոտիլդն այցով Հայաստանում էր: Ճանաչված պարուսույցի տպավորությունների եւ աշխատանքի մասին նրա հետ զրուցել է NEWS.am STYLE-ի թղթակիցը:

 

Ո՞րն էր Հայաստան Ձեր այցի հիմնական նպատակը:

Ես իմ առջեւ երկու հիմնական նպատակ էի դրել: Մի կողմից ցանկանում էի ծանոթանալ երկրին, հանդիպել հայկական մշակույթի կրողը հանդիսացող հետաքրքիր մարդկանց: Մյուս կողմից, ես օգտվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի՝ խորեոգրաֆիայի բաժնի ուսանողներին դասեր տալու հրավերից:

Ձեր ամուսինը՝ Պատրիկ Մատոյանը, հայկական արմատներ ունի: Դրանից բացի, որեւէ այլ բան Ձեզ Հայաստանի հետ կապո՞ւմ է:

Ես Heliotropion ստուդիայի պարուսույցն ու գեղարվեստական ղեկավարն եմ, իսկ Պատրիկը՝ իմ օգնականը, երաժիշտն ու կոմպոզիտորը: Բացի այդ, նա մարտարվեստ է ուսուցանում, այկիդոյի 6-րդ կարգ ունի:

Նրա հայրը ծնունդով Հայաստանից էր, այդ պատճառով այս այցն ինձ համար չափազանց կարեւոր էր. ես եկել եմ՝ ճանաչելու իմ ամուսնու արմատները, նրա ծագումը… Ինձ հիացրեցին Հայաստանը, նրա մշակույթը, հրաշալի երգերը, որոնք ժամանակ առ ժամանակ հասնում են նաեւ Արեւմտյան Եվրոպա:

Ես եւ ամուսինս սիրում ենք համատեղ աշխատել: Մասնավորապես, ինձ օգնեցին այն կապերը, որ նա ստեղծել էր նախորդ այցելությունների ժամանակ (որոնք նա կատարում է նվազագույնը տարին երկու անգամ): Դրանց շնորհիվ էլ հնարավորություն ընձեռվեց Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի հետ համատեղ նախագիծ մշակել:

Ի դեպ, վերջին շրջանում ես նույնպես սկսել եմ այկիդոյով զբաղվել: Ե՛վ պարերը, ե՛ւ այկիդոն մարդկանց հետ շփվելու զարմանալի միջոց են, որոնք խոսքեր չեն պահանջում, դուրս են բանավոր շփման սահմաններից: Դա գոյություն ունեցող ամենից համամարդկային լեզուն է:

 

Հայ ուսանողների հետ աշխատանքը Ձեզ դուր եկա՞վ: Ձեր աշխատանքի արդյունքների ցուցադրություն կկայանա՞:

Ես շատ երջանիկ եմ, որ իմ կյանքում նման փորձ ունեցա: Շատ լարված ժամանակաշրջան էր: Չնայած բոլոր դժվարություններին՝ կապված իրենց համար նոր աշխատաոճին եւ սահմանափակ ժամանակին, ուսանողներն ամբողջությամբ իրենց նվիրել էին նախագծին: Նրանց հետ 20 րոպե տեւողությամբ ժամանակակից պար ենք բեմադրել՝ «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլի երաժշտության ներքո:

Ինձ համար սա իսկական փորձություն էր. պար բեմադրել պարողների հետ, ովքեր քիչ էին ծանոթ իմ աշխատանքին, երաժշտության ներքո, որ ես ինքս չէի ընտրել… Բայց, ի վերջո, իսկապես հետաքրքիր պար ստացվեց: Այն կցուցադրվի մայիսի վերջին, ինստիտուտում նրանց ուսման ավարտի առիթով կազմակերպված շոուի ժամանակ:

Ձեր ուսանողների մոտ պարային արվեստի նկատմամբ տիպիկ հայկական որեւէ բան նկատե՞լ եք:

Իհարկե: Նախ ինձ ապշեցրեց միաժամանակ պարելու եւ երգելու նրանց ունակությունը: Ես այլ դասախոսների հետ նրանց աշխատանքին հետեւելու հնարավորություն ունեի: Նրանք հրաշալի են երգում: Եվ սիրում են թիմային աշխատանքը: Հավանաբար, սա բացատրվում է հայկական ավանդական խմբային պարերով եւ երգերի կատարմամբ:

Ծրագրո՞ւմ եք շարունակել դասավանդել Հայաստանում:

Այո, մենք արդեն հոկտեմբերին այցելություն ենք ծրագրել: Այդ ժամանակ ինստիտուտում նոր ուսանողներ կլինեն, որոնք դեռեւս նվազագույնը երեք տարի սովորելու են: Դրա շնորհիվ մենք կկարողանանք մշակել որեւէ պարային նախագիծ՝ արդեն երկարատեւ ժամանակաշրջանի համար: Հավանաբար, հնարավորություն կունենանք նաեւ պար բեմադրել որեւէ որոշակի կոմպոզիցիայի ներքո:

Մենք սիրում ենք աշխատել ավանդականի եւ ժամանակակիցի համադրությամբ: Իրականում ժամանակակից պարերի ուղղությամբ իմ աշխատանքը հիմնված է ավանդական մարտարվեստների վրա: Իմ Heliotropion ստուդիայում, ի դեպ, վերջերս սկսել ենք կիրառել նաեւ տեսողական եւ հնչյունային նոր տեխնոլոգիաներ: Օրինակ՝ մենք օգտագործում ենք վիդեո-լուսարձակներ, համակարգիչներ եւ էլեկտրոնային երաժշտություն:

 

Ներկայում ո՞ր երկրներում եք նախագծեր իրականացնում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում իմ ստուդիայի արտիստները մասնակցում են նախագծերի եվրոպական երկրներում (Իտալիա, Լեհաստան, Գերմանիա, Հունգարիա) եւ Եվրոպայի սահմաններից դուրս (Սիրիա, Մարոկկո, Բրազիլիա)՝ տեղական կազմակերպությունների եւ դպրոցների հետ համատեղ: Մենք նաեւ մեր սեփական շոուներն ենք ներկայացնում Եվրոպայի տարբեր երկրներում: Ներկայում աշխատում ենք «Մարմինը եւ քաղաքը» նախագծի ուղղությամբ, որն իրականացվելու է Փարիզում, Կրակովում, Թուրինում: Այս նախագծի հիմնական նպատակը քաղաքի զարգացման եւ մարմնի հանդեպ մեր վերաբերմունքի իմաստավորումն է մշակույթների եւ սերունդների երկխոսության ճանապարհով: Սա հրատապ թեմա է. այն մեզ ստիպում է մտորել ապագայի մասին: Կցանկանայինք, որ այս նախագիծը զարգացում ունենար նաեւ աշխարհի այլ քաղաքներում:

Քրիստինա Կոտենկովա



© NEWS.am STYLE