«Ի տարբերություն շատերի՝ մանկուց դրա մասին չէի երազել». Անի Դաշյանը՝ «Առաջին անգամ» խորագրում

14:05   24 մայիսի, 2018

NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրի հերոսուհին այս անգամ լրագրող-հաղորդավարուհի Անի Դաշյանն է: Ճիշտ է՝ նա այս շրջանում հաճախ չի լինում եթերում, սակայն շարունակում է համարվել հայկական եթերի ամենաժպտերես ու պայծառ ներկայացուցիչներից մեկը: Ներկայացնում ենք նրա մասին հետաքրքիր բացահայտումներ՝ մեր հարցերին ի պատասխան:)

Անի, ե՞րբ առաջին անգամ հասկացար, որ պետք է դառնաս լրագրող:

Լրագրող դառնալու ցանկություն երբեք չեմ ունեցել: Ստացվեց այնպես, որ ԵՊՀ-ի արվեստաբանության բաժնի առաջին կուրսում սովորելու ընթացքում ընդունվեցի Երգի պետական թատրոնի հեռուստահաղորդավարության բաժին ու քասթինգի արդյունքում հայտնվեցի «Դար 21»-ում: Աշխատանքի ընթացքում գիտելիքներս էլ ավելի ամրապնդելու համար որոշեցի մագիստրատուրան շարունակել լրագրության բաժնում:

Ո՞ւմ ես առաջինը պատմում քո կյանքում տեղի ունեցող նորությունները:

Առաջինը պատմում եմ մայրիկիս:

Առաջին անգամ ո՞ր տարիքում ես սիրահարվել:

Երեւի` դպրոցական տարիքում, եթե դա կարելի էր սիրահարվածություն համարել:)

Ե՞րբ ես առաջին անգամ սեր խոստովանել:

Ես նախընտրում եմ լսել սիրո խոստովանություններ:)

Ե՞րբ են առաջին անգամ քեզ սեր խոստովանել:

Դպրոցի ավարտական երեկոյի ժամանակ: Համենայն դեպս, որպես առաջին՝ դա է տպավորվել:)

Առաջին հիասթափությունը...

Առաջին հիասթափությունն ավելի հասուն տարիքում է եղել, երբ մի օր բացահայտեցի, որ մարդ կարող է նայել աչքերիդ մեջ ու վարպետորեն ստել: Մինչ այդ մինչեւ վերջ վստահում էի բոլորին ու վարդագույն ակնոցներով նայում աշխարհին, բայց…

Քեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս ես այն հաղթահարել:

Առաջին մեծ դժվարությունն ամեն ինչ ու բոլորին թողնելով՝ Մոսկվայում բնակություն հաստատելն էր, որը մինչեւ վերջ դեռ չեմ հաղթահարել ու դժվար էլ հաղթահարեմ, որքան էլ ինձ այդ հարցում փորձեն օգնել: Քանի դեռ կա «կարոտ» բառը, ինձ համար դժվարությունը, ցավոք, անհաղթահարելի է:

Քո առաջին հաղորդումը:

Առաջին հաղորդումս կոչվում էր Player, միանգամից վարել եմ ուղիղ եթերում, ինչն ինձ համար գերագույն հաճույք էր: Եթերում տարբեր ինտելելկտուալ խաղեր էինք խաղում հեռուստադիտողների հետ, իսկ հաղթողներն արժանանում էին մրցանակների:) Ի դեպ, հաղորդումներն ամբողջությամբ պատրաստում էի ինքնուրույն՝ սցենարը եւ այլն… Առաջին անգամ այնքան արագ էի խոսում լարվածությունից… ինձ թվում էր, եթե արագ խոսեմ, եթերը շուտ կավարտվի, այդ մեծ պատասխանատվությունը՝ եւս:) Այնքան հիշողություններ կան, երանելի ժամանակներ…

Առաջին մեծ հաջողությունը:

Ընդհարապես, ես ինձ հաջողակ եմ համարում:) Իսկ որպես առաջին մեծ հաջողություն՝ երեւի իմ եթերում հայտնվելը կնշեմ, ինչը եղավ պատահաբար, այսինքն՝ ի տարբերություն շատերի՝ մանկուց դրա մասին չէի երազել:) Եղավ պատահաբար, նաեւ ճակատագրական, քանի որ հասկացա՝ իսկապես գտել եմ իմ մասնագիտությունը, այն աշխատանքը, որից հաճույք եմ ստանում:

Քեզ համար առաջնային է...

Ընտանիքս, հավատքս, սերը, մարդկային լավ հարաբերությունները, նվիրվածությունը, ընկերությունն ու առավոտյան սուրճը:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անի Դաշյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE