Դենիել Քրեյգը պաշտոնապես հաստատվել է Ջեյմս Բոնդի դերի համար

13:38   25 մայիսի, 2018

Դենիել Քրեյգը պաշտոնապես հաստատվել է Ջեյմս Բոնդի դերի համար, հայտնում է Just Jared-ը, դրանով իսկ հաստատելով արդեն մեկ տարի մամուլում շրջանառվող բամբասանքներն ու լուրերն այն մասին, որ 50-ամյա բրիտանացի դերասանը, ով բազմիցս հայտնել է այն մասին, որ այլեւս չի մարմնավորելու այդ կերպարը, այնուամենայնիվ կլորիկ գումարի դիմաց համաձայնել է նորից խաղալ հայտնի լրտեսի դերը։

Իսկ «Bond 25» («Բոնդ 25») նոր ֆիլմի ռեժիսորը Դեննի Բոյլն է լինելու։

Ի դեպ, Բոյլին դուք հաստատ հիշում եք Slumdog Millionaire («Միլիոնատերը ծայրամասից») ֆիլմով, որի համար նա «Օսկար» է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Նոր ֆիլմի նկարահանումներն այս տարվա դեկտեմբերին կսկսվեն, իսկ ֆիլմի պրեմիերան, նախնական կանխատեսումներով, կկայանա 2019թ.-ի նոյեմբերին։

Ինչպես հայտնել է, MGM կինոընկերության նախագահ Ջոն Գլիկմանը, «Քրեյգի անկրկնելի խաղն ու Բոյլի արտակարգ տեսլականը» նոր ֆիլմը շատ տպավորիչ կդարձնեն ։

Բոնդի սիրեցյալի դերի հավանական թեկնածուներ են համարվում Էմիլի Բլանթը, Էմմա Ուոթսոնը, Մարգո Ռոբբին, Նաոմի Հարրիսն ու նույնիսկ Էմիլի Ռատաժկովսկին։



© NEWS.am STYLE