Տյումենում Օլգա Բուզովայի ելույթը ավարտվել է զանգվածային հրմշտոցով

16:07   25 մայիսի, 2018

Օլգա Բուզովան, չունենալով երգելու տաղանդ, հիմա համարվում է ռուսական էստրադայի ամենապահանջված երգչուհին։ Հեռուստահաղորդավարուհի, հիմա նաև երգչուհի Բուզովան լեցուն դահլիճներ է հավաքում իր համերգների ժամանակ։ Օրինակ, դատելով Օլգայի պաշտոնական ռեսուրսներում հրապարակված ազդերից՝ մինչև հուլիսի վերջ նա 15 համերգ ու ներկայացում է ունենալու Ռուսաստանում ու Մերձբալթյան երկրներում։ Ու տոմսերը ամենուրեք վաճառված են։ Իսկ Տյումենում Բուզովայի ելույթն առհասարակ ավարտվել է հրմշտոցով ու զանգվածային իրարանցումով ՝բոլորն ուզում էին մոտենալ երգչուհուն, նրանից ձայնասկավառակ կամ ինքնագիր ստանալ։

«Ֆանատները բղավում էին․ «Օլյա, դու հրաշալի ես երգում»։ Նրանք բղավում էին  ու Բուզովային   այսուայն կողմ քաշքշում։ Երգչուհին էլ իր հերթին իր երկրպագուներին նվիրել է իր ձայնասկավառակները ու մի քանի սելֆի արել նրանց հետ։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Օլյայի թիմը լքել է հարթակը, երկրպագուների շարանը շարունակում էր կանգնած մնալ ճանապարհի երկայնքով»։

Մարդիկ  խելակորույս ընկնում էին Բուզովայի մեքենայի անիվների տակ, լացում, համբուրում մեքենայի կապոտը։

«Հիմա մեքենան կշրջեն»,- նկատել է վարորդը։ «Ես շատ էի ուզում դուրս գալ ու լուսանկարվել ձեզ հետ, սիրելիներս,- դիմել է տյումենցիներին Բուզովան,- Բայց քանի որ հրմշտոց սկսվեց, մենք որոշեցինք դուրս չգալ։ Տեսնում էի, թե ինչպես են հետևի շարքերում մարդիկ կանգնած լացում»։

Բուզովայի մեքենային  ոստիկանական մեքենա ու շտապ օգնության մեքենա էր ուղեկցում։ Երգչուհու տնօրենի խոսքով, որը մեջբերում է «Կոմսոմոլսկայա Պրավդա» կայքը, առանց հատուկ ծառայությունների օգնության նրանք չէին կարողանա դուրս գալ համերգային հարթակից։ «Մենք ուզում էինք առևտրի կենտրոնի միջով դուրս գալ, բայց մարդիկ արգելափակել էին նաև առևտրի կենտրոնի մուտքը»։



© NEWS.am STYLE