Արարատ լեռ, հայկական խոհանոց եւ համերգ Երեւանում. Արմեն Սարգսյանը Էլթոն Ջոնի հետ հանդիպման մասին

23:17   26 մայիսի, 2018

Բրիտանացի լեգենդար երգիչ Էլթոն Ջոնը հավանաբար հաջորդ տարի Հայաստանում համերգ կտա։ Այդ մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը Էլթոն Ջոնի հետ ընթրել էր «Անկյուն» ռեստորանում։

Հարցին, թե ինչ են քննարկել Էլթոն Ջոնի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանել է կատակով. «Քննարկում էինք, որ Հայաստանում հոյակապ ուտելիք կա։ Եւ քննարկում էինք՝ երբ ենք Արարատ սարը հետ բերելու»։
Նախագահը նշել է, թե երգիչը հայկական ուտելիքներից փորձել է ամեն ինչ եւ հավանել է։

Հարցին, թե ինչ նպատակով է երգիչը ժամանել Հայաստան, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Էլթոնը բարեկամն է, իմ բարեկամը, պարոն Վաչե Մանուկյանի բարեկամը, Րաֆֆի Մանուկյանի բարեկամը, եւ այստեղ եկել է հիմնականում բարեգործական ծրագրերով, երեխաների համար։

Հավանաբար մյուս տարի կգա համերգով»։
Ինչպես արդեն հայտնել ենք, հանրահայտ անգլիացի երաժիշտ Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հետ ժամանել է Երեւան: 71-ամյա հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: Երեկոյան Էլլթոն Ջոնն ընթրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ «Starkey Hearing Technologies»-ի հիմնադիր Ֆ. Օսթինի հետ՝ «Անկյուն»-ում:

Լիանա Խուդոյան

Վեգա Անդրիասյան

Արթուր Ղահրամանյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE