«Մի քանի օրից կհասկանամ՝ ինչ էր ինձ հետ կատարվում». Մարտայի առաջին մենահամերգի էմոցիոնալ պահերն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

10:27   27 մայիսի, 2018

22 տարի բեմում եւ առաջին մենահամերգ. երգչուհի Մարտա Կիրակոսյանի համար մայիսի 26-ն առանձնահատուկ օր էր: Հարազատ Երգի պետական թատրոնում Մարտան ելույթ ունեցավ երկրպագուների, ընկերների եւ հարազատների համար: Ջերմ մթնոլորտ, անկեղծ խոստովանություններ, էմոցիաներ, հուշեր եւ հուզմունք…

Համերգի հենց սկզբում 25-ամյա երգչուհին խոստովանեց՝ ինքն էլ չէր սպասում, բայց շատ հուզված է: Հանդիսատեսը երգչուհուն ոգեւորում էր ճիչերով, ծափերով, ձայնակցություններով եւ ծաղկեփնջերով:

Երգչուհին կատարեց արդեն հայտնի դարձած իր cover-ները, եղան նաեւ պրեմիերաներ եւ զուգերգներ՝ Գրիգոր Կյոկչյանի, Կարեն Սեւակ դուետի, Նորայր Գաբոյանի, Հայկ Կարապետյանի, Ռուսլան Էլյազյանի, ինչպես նաեւ Էրիկ Կարապետյանի, Ֆելիքս Խաչատրյանի եւ Արթուր Գրիգորյանի հետ: Բեմում ելույթ ունեցան նաեւ Երգի պետական թատրոնի խումբն ու Մարտայի աշակերտները: Ողջ երեկոյի ընթացքում Մարտային ոգեւորում էր մտերիմ ընկերը՝ Գրիգոր Կյոկչյանը, որը նաեւ համերգի հանդիսավարն էր:

Համերգից հետո Մարտան իր հույզերով կիսվեց NEWS.am STYLE-ի հետ:

«Մինչեւ հիմա չեմ հավատում, որ վերջացավ այս ամեն ինչը: Երբ զգացի, որ վերջանում է համերգը, այնքան մեծ ափսոսանք զգացի, ուզում էի շարունակվեր: Ինքս չեմ սիրում բեմում շատ խոսել, ավելի շատ սիրում եմ երգել, այնքան շատ էին էմոցիաներս, որ անընդհատ ուզում էի շնորհակալություն հայտնել, ուզում էի շփվել: Դեռ շատ հուզված եմ, երեւի մի քանի օրից նոր կհասկանամ, թե ինչ էր ինձ հետ կատարվում, բայց այս էմոցիաներն ամեն ինչ արժեն, արտիստի համար սա շատ մեծ փորձ է»,-անկեղծացավ երգչուհին:

«Այս համերգը շատ անկանխատեսելի եղավ, կարծում եմ՝ վատ չէր: Հանդիսատեսի էմոցիաներից հասկացա, որ նրանց դուր է եկել»,-հավելեց նա:

Անդրադառնալով Ֆելիքս Խաչատրյանի հետ դուետին եւ հատուկ իր համար գրված երգին, որի պրեմիերան կայացավ հենց մենահամերգի ժամանակ, երգչուհին նշեց.

«Երգը Ֆելիքսը վաղուց էր գրել, պարզապես անընդհատ չէր ստացվում այն ձայնագրել: Կարծում եմ՝ հարմար էր հենց այս համերգին այն ներկայացնել»:

Մարտայից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու երաժշտական գործունեության 22 տարիների ընթացքում երբեք մենահամերգով հանդես չէր եկել. «Ամեն ինչ ստացվեց իր ժամանակին, կապ չունի, թե որքան ժամանակ ես երգում, պետք է այդ ներքին պատրաստվածությունը լինի, պետք է հոգեպես պատրաստ լինես այդ ամեն ինչին ու պիտի լինի մի մարդ, որը քեզ ասի, որ արդեն ժամանակը եկել է: Իմ դեպքում այդ մարդն իմ ուսուցիչն է՝ Արթուր Գրիգորիչը, որին ես ամբողջովին հավատում եմ»,-պատասխանեց նա:

Առաջիկայում Մարտան նոր երգ կամ տեսահոլովակ չի ներկայացնի, փոխարենն ակտիվորեն կշարունակի աշխատել Երգի պետական թատրոնի իր սաների հետ. «Հասկացել եմ, որ իմ գործն ինձ այնքան է դուր գալիս, որ այն ինձ համար աշխատանք չէ, այլ հաճույք»,-եզրափակեց երգչուհին:

Մարտայի համերգի մանրամասները ներկայացնում ենք ֆոտոշարքի եւ տեսանյութերի միջոցով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE