Խորոված եւ քյաբաբ. Էլթոն Ջոնը եւ ՀՀ նախագահը ճաշել են Derian Restaurant-ում (ֆոտո/վիդեո)

15:31   27 մայիսի, 2018

Էլթոն Ջոնի շրջագայությունները Երեւանում շարունակվում են: Քիչ առաջ բրիտանացի հայտնի երաժիշտն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ճաշել են Derian Restaurant-ում: Այստեղ մեզ հայտնեցին, որ սըր Էլթոն Ջոնը խորոված է համտեսել. այն նրան ավելի է դուր եկել, քան քյաբաբը: Ճաշելուց հետո երաժիշտը շնորհակալություն է հայտնել հաստատության անձնակազմին:

Ավելի վաղ Էլթոն Ջոնն ու Արմեն Սարգսյանն այցելել էին «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն», որը հանդիսանում է «Երեւան, իմ սեր» հիմնադրամի ծրագրերից մեկը:

71-ամյա երգիչը Հայաստան է ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ: Հայաստան ժամանելուց հետո Էլթոն Ջոնն ուղեւորվել է Երեւանի հյուրանոցներից մեկը, որտեղ մի փոքր մնալուց հետո ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի եւ Starkey Hearing Technologies ընկերության հիմնադիր Ուիլյամ Ֆ. Օսթինի հետ գնացել է «Անկյուն» ռեստորանում ընթրելու, որտեղ նրանց է միացել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Լիանա Խուդոյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE