Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ֆլեշմոբ՝ Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում (ֆոտո/վիդեո)

17:25   29 մայիսի, 2018

Այսօր Երեւանի մետրոեպոլիտենի «Երիտասարդական» եւ «Հանրապետության հրապարակ» կայարաններում անցկացվեց ֆլեշմոբ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին եւ Առաջին հանրապետության 100-ամյակին: Այն կազմակերպվել էր Երեւանի պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ, իսկ գաղափարի հեղինակներն են Կոնսերվատորիայի ռեկտորի օգնական Խաչիկ Բեկյանը, Նարինե Ավետիսյանն ու ուսանողական խորհուրդի անդամ Վահան Գրիգորյանը:

«Մենք մեր ձեւով որոշեցինք տոնել մեր հաղթանակները: Ֆլեշմոբն արեցինք հենց մետրոյի կայարաններում, որովհետեւ մետրոն մեզ շատ հոգեհարազատ է, ուսանողությունը մետրոյում շատ է, դրա համար էլ այնտեղ արեցինք, որ մեր ձայնն ավելի լսելի դառնա: Մասնակցեց մեր Կոնսերվատորիայի կամերային երգչախումբը`խմբավար Տիգրան Դավթյան: Նվագեցին դուդուկ, շեփոր եւ այլ գործիքներ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Բեկյանը՝ հավելելով, որ գոհ են ստացված արդյունքից:

Երգչախումբը երգեց եւ կայարաններում, եւ գնացքի ներսում՝ արժանանալով ուղեւորների զարմանքին եւ ծափահարություններին:

«Սա լինելու է շարունակական նախագիծ: Մետրոյում արդեն 3 անգամ տարբեր առիթներով արել ենք ֆլեշմոբ, Էրեբունի-Երեւանի 2799 – ամյակին էլ ենք արել նման բան, հավաքել էինք երիտասարդների նվագախումբ, նաեւ հանրահայտ մարդկանց արձանների շրջակայքում ենք արել»,-հավելեց կազմակերպիչը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE