Իմ պատմությունը. «Երջանկությունդ երբեք ձեռքիցդ բաց մի թող»

21:12   16 մայիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

«Կցանկանայի պատմել իմ կյանքի՝ փոքրիկ պայքարով լի մի հատվածը:

17 տարեկան էի, պետք է ընդունվեի համալսարան, քրտնաջան պարապում էի եւ վերջին քննության ժամանակ տեսա Նրան: Մենք նույն թաղամասում էինք բնակվում, բայց երբեւէ չէինք շփվել: Քննության օրն այնպես ստացվեց, որ կողք կողքի նստեցինք: Այլ պարագայում առաջինը չէի սկսի խոսակցությունը, բայց…

- Բարեւ: Կարծեմ՝ «Ն.»-ն եք:

- Այո, Դուք էլ՝ «Մ.»-ն:

Մինչեւ քննությունը սկսելը խոսում էինք պատմությունից: Քննությունն ավարտվեց, եւ ես մոռացա ամեն ինչ. թե՛ մեր խոսակցությունը, թե՛ քննությունը:

2 օր անց Նա եկավ մեր ընդհանուր ծանոթի բակ, որտեղ ես հաճախ էի լինում  մտերիմ ընկերուհուս հետ: Մեր շփումը շարունակեցինք որպես ընկերներ. 4 մտերիմներ էինք՝ ես, ընկերուհիս, Նա եւ մեր ընդհանուր ծանոթը:

Եկավ հուլիսը, երբ հայտնի էին բուհ ընդունվածների անունները: Ես դիմել էի Արվեստաբանության բաժին, Նա` իրավագիտության, մեր ընդհանուր ծանոթը` լրագրողական, իսկ ընկերուհիս՝ Կոնսերվատորիա:

Ես եւ Նա չընդունվեցինք: Այնքան ծանր տարա այդ փաստը, որ թողեցի ամեն ինչ եւ 4 օրով գնացի տատիկիս մոտ՝ հանգստանալու: Այդ 4 օրերի ընթացքում հասկացա, որ կարոտում եմ Նրան:

Երբ վերադարձա, չկարողանալով զսպել զգացմունքներս՝ մատնեցի ինքս ինձ: Նա հասկացավ եւ ցանկացավ վերջ դնել անգամ մեր ընկերությանը, որպեսզի ես չտառապեմ: Ինձ համար այդ դժվար էր եւ ամբողջ գիշեր նրա հետ համացանցում շփվում էի՝ հավատացնելով, թե չեմ սիրում իրեն:

Հաջորդ օրը նորից լավ ընկերներ դարձանք: Մեկ շաբաթ անց ինձ թվաց` Ն.-ն սիրում է իմ ընկերուհուն: Ասացի, որ գեղեցիկ զույգ են: Նա զայրացավ, եւ մենք նորից վիճեցինք, բայց եւս մեկ անքուն գիշեր անցկացնելով՝ եկանք նույն կետին:

Այդ օրից Նա սկսեց շփվել զանազան աղջիկների հետ. ե՛ւ համացանցով, ե՛ւ դրսում: Ես խանդից պայթում էի, ուզում էի բոլոր աղջիկներին վերացնել, բայց հասկանում էի, որ Նա ազատ մարդ է եւ կարող է անել ամեն ինչ, իսկ ես պետք է ինձ հարկադրեմ մոռանալ Նրան:

Մեկ շաբաթ անց նորից վիճեցինք, եւ Ն.-ն վերջակետ դրեց: Ես չկարողացա վերադարձնել Նրան: Ես մեռած էի, առանց նրա ցամաքել էի, գոյություն չունեի, կողքից բոլորն ասում էին՝ քեզ հավաքիր, եթե անգամ Նա մնար կողքիդ, միեւնույն է, քոնը չէր: Ն.-ն կորել էր, ոչ մի կերպ չէի կարողանում գտնել: Մի պայծառ օր, սակայն, հայտնվեց: Ես հանդիպեցի Նրա հետ եւ ասացի, որ իսկապես սիրում եմ իրեն, բայց փոխարենը ոչինչ չեմ ուզում: Ցանկանում եմ միայն իմանալ, որ կա, մոտ է, թեկուզ իմը չէ: Չէր համաձայնվում: Այդ ժամանակ խնդրեցի ինձ մեկ շաբաթ ժամանակ տալ: Այդ մեկ շաբաթը ցանկանում էի լինել Նրա հետ, իսկ հետո մեր շփումը՝ անգամ ընկերական, կավարտվեր: Վերջապես համաձայնվեց:

Հոկտեմբերի 22-ն էր, չարաբաստիկ մեկ շաբաթվա առաջին օրը:

Այդ օրը պարզ էին նաեւ հեռակա ուսուցմամբ սովորողների անունները: Ն.-ն գնաց եւ կարդաց իր անունը, իսկ ես վախենում էի, եւ իմ փոխարեն գնացին մայրս ու քույրս: Այդ օրն անցկացրեցի Նրա հետ: Մենք ավելի շատ լռում էինք, քան խոսում: Հետո զանգահարեց մայրս եւ ասաց, որ ընդունվել եմ: Ուրախությունից գրկեցի նրան: Հուզված խնդրեցի, որ ինձ տուն ուղեկցի: Անցավ 2 ժամ: Նա զանգահարեց եւ ասաց իմ կյանքի ամենահիասքանչ խոսքերը. «Այսուհետեւ դու միայն իմն ես: Ես քեզ չեմ թողնի ոչ մի շաբաթ, ամբողջ կյանքում դու իմն ես լինելու: Եթե անգամ չհամաձայնվես, միեւնույն է, իմն ես: Ես քեզ չեմ հարցնում, այլ ասում եմ: Ես քեզ սիրում եմ եւ երջանկությունս ձեռքիցս բաց չեմ թողնի»:

Հետո իմացա, որ իր մտերիմն այդ օրը իրեն ասել էր.

- Եթե առանց Մ.-ի տառապում ես, ուրեմն եղիր նրա հետ, երջանկությունդ երբեք ձեռքիցդ բաց մի թող:

Արդեն 3 տարի է անցել, ինչ միասին ենք: Ն.-ն ծառայում է, իսկ ես սպասում եմ, որովհետեւ անչափ շատ եմ սիրում, առանց Նրա չեմ կարող ապրել: Նա նույնպես չի պատկերացնում իր կյանքն առանց ինձ: Մենք շատ ենք սիրում միմյանց, ու եթե պետք լինի՝ նորից կպայքարեմ, որովհետեւ չեմ ցանկանում երջանկությունս ձեռքիցս բաց թողնել:

Ես նրան շատ եմ նրան կարոտում, օրերը դարեր են թվում, բայց միտքը, որ Նա իմն է հավետ, իսկ ես՝ նրանը, կյանքիս իմաստ է տալիս:

Մ.Մ.»



© NEWS.am STYLE